1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագրերի ստորագրմամբ արձանագրվեց Խորհրդային Միության փլուզումը: Ստեղծվեցին 12 անկախ պետություններ՝ Բալթյան հանրապետություններն անջատվել էին ավելի վաղ: Այդ պահից սկսած՝ համարյա 33 տարվա ընթացքում եղե՞լ է մի դեպք, երբ անկախ պետություններից որեւէ մեկը մտներ ՌԴ կազմ կամ այդ պետությունների ղեկավարությունը նման ցանկություն հայտներ:
Կա «Ռուսաստան Բելառուս» միութենական պետություն», բայց իրականում Բելառուսը միանգամայն անկախ պետություն է. Լուկաշենկոն «կոլխոզնիկի» դիմակը հագած, չափազանց ճկուն եւ ինքնուրույն քաղաքականություն է վարում: Ռուսաստանն, այո, ցանկանում է ուժով «հնազանդեցնել» Ուկրաինան, բայց դա խելագարություն է, ցնորք՝ նման բան երբեք տեղի չի ունենա:
Այսպիսով, Ռուսաստանի կազմը մտնելու, Ռուսաստանի «գուբերնիա» դառնալու որեւէ պետություն, որեւէ երկրի վերնախավ ցանկություն չունի: Եվ պատճառն էլ է պարզ. Ռուսաստանը չունի քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական ռեսուրս, որը կարող է «գայթակղել» որեւէ հարեւանի:
Ի՞նչն է հապա պատճառը, որ Փաշինյանի քարոզիչները «Ռուսաստան» եւ «գուբերնիա» բառերը ծամոն են դարձրել՝ վերագրելով իշխանության ընդդիմախոսներին այն, ինչ նրանց մտքով անգամ չէր անցել:
Կարդացեք նաև
Այո, կան ուժեր, որոնք գտնում են, որ Ռուսաստանի հետ պետք է պահպանել լավ հարաբերություններ, նաեւ, հնարավորության դեպքում, համագործակցել ռազմական ոլորտում: Իսկ Փաշինյանը դա չի՞ ուզում: Քարոզիչներն իրենց «շեֆից» նման բան լսե՞լ են:
Ըստ պաշտոնական քարոզչության, ցանկացած քաղաքացի, որը դեմ է Ալիեւի անվերջանալի պահանջների՝ Հայաստանի կողմից կատարմանը, Ռուսաստանի գործակալ է եւ պայքարում է Հայաստանի ինքնիշխանության դեմ: Դա նույնքան անհեթեթ է. որքան կրոնապետության մասին դատողությունները:
«Սահմանազատումը ձեզ դուր չի գալիս, գնացե՛ք երկրից, գնացե՛ք ձեր Մոսկվան», – մոտավորապես այդպիսի ցասումնալից գրառում եմ տեսել: Վերջը ո՞վ գնաց Մոսկվա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուսաստանի գործակալն այն մարդն է,որը Հայաստանի շահերը հարմարեցնում է Ռուսաստանի շահերին։
Մոսկվա գնաց Կրեմլի դրածո հայ “կոլխոզնիկը”, որին հենց ինքը Կրեմլը ցուցում է տվել ժամանակ առ ժամանակ թեթևակի “հակակոլխոզնիկական” ելույթներ ունենալ մարտավարական նկատառումներից ելնելով։
Պարզ է, որ նրան տրվում է միայն ելույթների, ակնարկների, բայց ոչ թե ռեալ քայլերի իրավունք։
Ռուսաստանը անտանելի երկիր մըն է, բոլոր մակարդակներու վրայ:
Սակայն դժբախտաբար, այս Հայաստանի չի կրնար «ազատագրուիլ» այդ հրէշային կայսրութենէն:
Այս ալ մաս կը կազմէ «դեհ, Հայի բախտ», դառն ասացուածքին…
Ի դէպ, նաեւ Հայոց դարերէ ի վեր դիմագրաւած այս տեւական ու էական խնդրին լուծումը կրնար հանդիսանալ – այժմ զուտ տեսական, միայն վարկածային մակարդակի մը վրայ ափսոս -՝ Արեւմտեան Հայաստանի ազատագրումը: Բայց հիմա, հէլէ մնացածին այս մնացորդը կարենանք փրկել…
Առաջ որ Փաշինյանը սկսի կռնակը դարձնել Ռուսաստանին, ԱՄԷՆ ջանք կատարեց, որ Ռուսաստանը օգնէ իրեն: Սակայն միշտ էլ, հիմա էլ, կռնակը-կէս դարձուցած է, եւ դէպի ետեւ կը նայի յուսալից նայուածքով, որպէսզի հենց որ տեսնէ թէ Ռուսաստանը իրեն պիտի օգնէ, անմիջապէս վերադառնայ ու սփոփանքի հառաչանքով մը իյնայ նրա գիրկը:
Իր շրջապատին այն անձերը որոնք իրապէս եւ խորապէս արեւմտապաշտ են, ու նաեւ այն հայաստանցիները որոնք կը կարծեն թէ այս հանգրուանը գոնէ պատեհութիւն մըն է՝ ՀՀի մնացորդը ազատագրելու համար Ռուսի լուծից, ամենախղճալի դերակատարներն են, այս կացութեան մէջ:
Իսկ վիճակը լրիւ ողբերգա-կատակերգութեան կը վերածուի, երբ որ իրապէս ռուսատեաց ուժեր կը պայքարին այս վարչակարգին դէմ: Կարծելով թէ յաջորդ իշխանութեան մէջ իրենք մի տեղ կարող են ունենալ…
Մ. Հայդուկ Շամլեան