Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանական գրասենյակը հաղթեց ՍԴ-ում

Մայիս 08,2024 12:30

Սահմանադրական դատարանը օրերս հրապարակեց գրավոր ընթացակարգով քննված «Փաստաբանական գրասենյակ Լեւ Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը: Ըստ այդ որոշման, Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։

Բացի այդ, վիճարկվող հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանով սահմանված կարգավորումը չի տարածվում առաջին ատյանի դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման վրա։

Փաստաբանական գրասենյակի դիմումը Սահմանադրական դատարանում էր 2023 թվականի նոյեմբերի 17-ից: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ընդդեմ փաստաբանական գրասենյակի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով՝ հետեւյալ պատճառաբանությամբ. «(…) «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջն ուղղված է գումարի բռնագանձմանը, նույն գումարի բռնագանձմանը, ինչը «Փաստաբանական գրասենյակ Լեւ Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել է թիվ ԵԴ/3185/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում, ուստի նման պահանջի բավարարումն ուղղված է «Փաստաբանական գրասենյակ Լեւ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջի հաշվանցմանը, ներկայացված պահանջի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մասով, ինչպես նաեւ գումարի բռնագանձման պահանջների միջեւ առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող էր ապահովել գործի առավել արագ եւ արդյունավետ լուծումը: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորը, չօգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված իրավունքից, թիվ ԵԴ/14669/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում չներկայացնելով հակընդդեմ հայց, զրկվել է հետագայում այդպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կողմից Երեւան քաղաքի դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է. վերացրել է քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը «Լեւ Գրուպ» -ի կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ վերադարձրել է: Փաստաբանական գրասենյակը կրկին ներկայացված վճռաբեկ բողոքով անդրադառնալով պետական տուրքի վճարման հարցին, նշել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «թ» ենթակետից չի բխում, որ 20.000 ՀՀ դրամ պետական տուրք չի գանձվում ամբողջությամբ կամ մասնակիորեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների համար՝ հաշվի առնելով, որ այն չի բխի Պետական տուրքի մասին օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «թ» ենթակետից, որպիսի պայմաններում կստացվի, որ եթե բողոքարկվեր քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումն ուժի մեջ թողնելու՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, ապա պետք է դրամական պահանջով նախատեսված պետական տուրքի դրույքաչափը կիրառվեր, մինչդեռ օրենսդրական կարգավորման տրամաբանությունը հանգել է նրան, որ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափը կազմում է 20.000 ՀՀ դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031