Բժիշկ-մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ զրուցել ենք վիրուսային մի շարք վարակների դեպքում առաջացող ցանավորման առանձնահատկությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով այդ ընթացքում մաշկի ճիշտ խնամքին։
-Ջրծաղիկը, որը բավականին տարածված սուր վարակիչ հիվանդություն է, մի շարք տհաճ ախտանշաններից զատ դրսևորվում է նաև մաշկային տիպիկ ցանավորմամբ, որի մշակման խնդիրը երբեմն շատ հարցեր է առաջացնում։ Ինչպե՞ս ճիշտ խնամել մաշկը ջրծաղիկի ժամանակ։
–Ինչպիսի՞ ցանավորում է առաջանում ջրծաղիկի ժամանակ։ Մենք՝ մաշկաբաններս շատ տիպիկ նկարագրություն ենք օգտագործում՝ «ջրի ցողը վարդի թերթիկի վրա»։
Այսինքն՝ առաջանում է կարմիր բորբոքային մակերես, որի վրա ձևավորվում է բշտիկ՝ լցված թափանցիկ հեղուկով։ Իհարկե, ջրծաղիկի դեպքում այդ բշտիկները, սովորաբար, ուղեկցվում են նաև այլ բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, թուլություն և այլն։
Կարդացեք նաև
Ի՞նչ անել ջրծաղիկի այդ էլեմենտների հետ։ Գլխավոր հարցը, որ գրեթե բոլորը տալիս են հատկապես երեխաների դեպքում, կարելի է լողացնել, թե՞ ոչ։ Նախկինում տարածված կարծիք կար, որ չի կարելի հիվանդին լողացնել, ցանը թրջել և այլն, այժմ մենք ասում ենք, որ կարելի է և պետք է լողացնել, քանի որ չլողացնելու դեպքում օրվա ընթացքում կուտակված քրտինքը, մանավանդ եթե երեխան ջերմել է և ավելի է քրտնել այդ ընթացքում, ինչպես նաև փոշին ավելի մեծ ռիսկի կարող են բերել ցանի վրա՝ հանգեցնելով բորբոքման, երկրորդային վարակի զարգացման ու բարդությունների։ Բայց լողանալն էլ է պետք ճիշտ կատարել․ լողանալիս չպետք է տրորել մաշկն ու բշտիկները, բացել վերքերը, օգտագործել քիսայող միջոցներ, այլ պարզապես պետք է լվանալ մաշկը հնարավորինս նուրբ մաքրող միջոցներով կամ մանկական գելերով։
Այստեղ մի նուրբ հարց էլ կա՝ ջերմելու ժամանակ պետք է երեխային լողացնել, թե՞ ոչ, իհարկե, բարձր ջերմության դեպքում լողացնելու մասին խոսք լինել չի կարող, սակայն ջերմությունն իջնելուն պես առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է լողացնել երեխային։
Ի՞նչ քսել ցանի վրա։ Թեև հիմա միտում կա խուսափելու «զելյոնկայից»՝ ադամանդյա կանաչի լուծույթից, բայց այն իրականում իրենից վտանգ չի ներկայացնում, ուղղակի էսթետիկ տեսանկյունից հաճելի չէ, և եթե հիվանդին էսթետիկան չի հետաքրքրում, հանգիստ կարող է օգտագործել՝ առանց վախենալու։
Ինչո՞ւ է պետք քսել «զելյոնկա», քանի որ այն կանխում է երկրորդային ինֆեկցիաների զարգացումը, բարդանալը, թարախակալվելը, ինչպես նաև ունի քորը հանգստացնող որոշակի ազդեցություն։
«Զելյոնկայից» բացի հիմա նշանակվում են նաև տեղային այլ դեղամիջոցներ՝ սուսպենզիաների, հեղուկների ձևով, որոնք նույնպես ունեն հակավարակային, հականեխիչ, քորը հանգստացնող ազդեցություն, իսկ ջրծաղիկի դեպքում, իհարկե, քոր կա։
Ե՞րբ է ջրծաղիկով հիվանդը վարակիչ՝ ցանավորվելուց 2-3 օր առաջ՝ դեռևս գաղտնի շրջանում և մինչև վերջին բշտիկի չորանալը, այսինքն՝ մոտավորապես 7-10 օր։
Ամենակարևորը՝ պետք չէ ձեռք տալ բշտիկներին, սեղմել դրանք։
Սեղմել չի կարելի նաև այն պատճառով, որ հետագայում չառաջանան սպիներ, փոսիկներ, իսկ ջրծաղիկի սպիները, հատկապես մեծ տարիքում առաջանալու դեպքում, կարող են շատ խորը և անդարձելի լինել, մանավանդ դեմքի վրա առաջացած սպիները։ Իհարկե, այսօր կան տարբեր մեթոդներ ու եղանակներ դրանք հնարավորինս վերացնելու և մաշկի էսթետիկ տեսքը բարելավելու համար, սակայն երբեմն լինում են վիճակներ, երբ հնարավոր չի լինում շտկել խնդիրը։
-Իսկ ի՞նչ անել, եթե հետքերն, այնուամենայնիվ, առաջացել են։
-Խորհուրդ է տրվում օգտագործել պանտենոլ պարունակող քսուկներ կամ այլ միջոցներ, որոնք ունեն հակասպիական ու ռեգեներացիոն ազդեցություն, բայց ճիշտ կլինի նախապես դիմել բժշկին՝ սպիների ծանրության աստիճանը գնահատելու համար։ Որքան շուտ է սկսվում սպիների բուժումը, այնքան արդյունքն ավելի գոհացուցիչ է լինում, ուստի վարակելիության շրջանն անցնելուց հետո, այսինքն՝ վերջին բշտիկը չորանալու հաջորդ օրն էլ կարելի է դիմել բժշկին։
-Վիրուսային ցաներն, առհասարակ, ի՞նչ առանձնահատկություններ ունեն, և որո՞նք են տարածված այլ տեսակները։
-Նախ նշեմ, որ դեպքեր են լինում, երբ վիրուսային ցանը շփոթվում է ալերգիկ ցանավորման հետ, հատկապես եթե ուղեկցվում է քորով։ Օրինակ՝ հիմա շատ տարածված է պարվովիրուսը, որի ժամանակ կարող են բացակայել բնորոշ ախտանշանները՝ ջերմությունը, ընդհանուր թուլությունը, փոխարենը կարող են առաջանալ եղնջացանի կամ ալերգիկ որևէ մաշկաբորբի նման բորբոքային կարմիր էլեմենտներ։
Պարվովիրուսային ինֆեկցիայի դեպքում, սովորաբար, իրականացվում է սիմպտոմատիկ բուժում։ Քորի դեպքում նշանակվում են քորը հանգստացնող հակահիստամինային դեղամիջոցներ՝ խմելու տեսքով։ Ինչպես նաև խորհուրդ է տրվում շատ հեղուկներ օգտագործել ու սպասել, մինչև ինքն իր ընթացքով լավանա։
Մաշկային դրսևորումներ առաջացնող վիրուսային ինֆեկցիաներից կառանձնացնեմ կոնտագիոզ մոլյուսկը, որը զուտ մաշկային, վիրուսային հիվանդություն է, ավելի հաճախ հանդիպում է երեխաների (շատ հաճախ մարզիկների) շրջանում ու շատ վարակիչ է։ Փոխանցվում է ոչ թե օդակաթիլային եղանակով, այլ շփման միջոցով, օրինակ, կարող է փոխանցվել ջրի միջոցով, ասենք՝ լողավազանում միասին լողանալու ժամանակ։
Ինչպե՞ս է դրսևորվում կոնտագիոզ մոլյուսկը․ վարակված մարդու մարմնի գրեթե ամբողջ մակերեսին, հատկապես դեմքին, ուսերին, ձեռքերին կարող են առաջանալ բշտիկներ կամ հանգուցիկներ՝ լցված կաթնաշոռանման զանգվածով։ Ո՛չ քոր կա, ո՛չ ցավ, այլ միայն այդ կաթնաշոռանման զանգվածը, որը վիրուս է պարունակում։ Բուժումն իրականացվում է այդ էլեմենտները հեռացնելու միջոցով․ հեռացումն իրականացվում է տարբեր եղանակներով՝ կյուրետաժով, լազերով, ազոտով այրելով կամ այլ մեթոդով, որից հետո կատարվում է պարտադիր մշակում որևէ հակասեպտիկով, օրինակ՝ սովորական յոդով, որպեսզի վարակի փոխանցում տեղի չունենա։
Կոնտագիոզ մոլյուսկը կարող է անցնել նաև առանց բուժման՝ վարակվելուց 9 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո, բայց հայտնի չէ, թե քանի հոգու կվարակի վիրուսակիրն այդ ժամանակահատվածում։
-Բավականին մտահոգիչ խնդիր է դարձել կարմրուկի դեպքերի աճը, ի՞նչ անել կարմրուկի ցանի դեպքում։
–Ո՞րն է կարմրուկի ցանի առանձնահատկությունը․ բծահանգուցիկային ցան է, որը մաշկի մակերեսին սկզբում հավասար է, հետո առաջանում են մաշկի մակերեսից բարձր էլեմենտներ, որոնք սովորաբար միաձուլվում են։ Կարմրուկի դեպքում ցանի առաջացման հերթականությունը շատ տիպիկ է, սկսվում է գլխից՝ տարածվելով դեպի պարանոցը, իրանը, հաջորդ օրն ընդգրկում է իրանի մյուս հատվածները, մյուս օրը՝ վերջույթները՝ ձեռքերն ու ոտքերը, այսինքն՝ աստիճանաբար վերևից իջնում է ներքև։ Երբեմն կարող է ուղեկցվել քորով, երբեմն էլ՝ ոչ, այսինքն քորը բնորոշ ախտանշան չէ, բայց կան ավելի լուրջ ու բարդ ախտանշաններ՝ բարձր ջերմություն, կոնյուկտիվիտ՝ աչքերի շաղկապենու բորբոքում, հարբուխի դրսևորումներ և այլն։
Կարմրուկով հիվանդը, սովորաբար, վարակիչ է ցանավորվելուց 4 օր առաջ և ցանավորվելուց 4 օր հետո։
Կարմրուկի ցանը առանձնապես չի մշակվում, քանի որ, միևնույն է, ընթացքում ինքն իրեն լավանալու է։ Եթե ցանավորումը քիչ մակերես է զբաղեցնում, ապա կարող են կիրառվել հակաքորային, փափկեցնող, խոնավացնող տեղային միջոցներ։ Բայց ուզում եմ շեշտել, որ կարմրուկի ժամանակ մաշկի խնամքը երկրորդական խնդիր է, քանի որ հիվանդությունը կարող է շատ լուրջ բարդությունների հանգեցնել, ինչպիսիք են թոքաբորբի, գլխուղեղի հյուսվածքի բորբոքման զարգացումը, ուստի պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկել թե՛ այդ բարդությունները կանխարգելելու, թե՛ կարմրուկի տարածումը կանխելու համար։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ