Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության թանձր մթնոլորտը վաղ թե ուշ կցրվի

Մայիս 08,2024 13:30

Որ սկզբունքների վրա ենք մենք բարեփոխվելու

10 տարի առաջ (էլ չասած՝ ավելի վաղ) իմ մտքով անգամ չէր անցնի բարձրաձայն խոսել, առավել եւս՝ գրել հավատի մասին: Դա ինձ այնքան նվիրական, ինտիմ ոլորտ էր թվում, որ ցանկացած խոսակցություն, իմ այն ժամանակվա համոզմամբ, կլիներ միջամտություն այն «սրբությանը», որն ամերիկացիներն անվանում են «privacy»: Բացի այդ, այն ժամանակ ինձ ավելի շատ էր հուզում, թե ինչ են ասելու կամ մտածելու մարդիկ: Իսկ նրանցից շատերը լցված են ցինիզմով եւ կասկածամտությամբ:

2020 թվականին տեղի ունեցավ աղետը, իսկ դրա, իմ կարծիքով, հիմնական պատճառը բացահայտվեց 2021-ի ընտրությունների ժամանակ, երբ 680 հազար քաղաքացիներ ձայն տվեցին այդ աղետի գլխավոր մեղավորին: Այդպիսի քաղաքացիներով, այդպիսի հայերով հնարավոր չէ հաղթել: Խնդիրը, հետեւաբար, այդ հազարներն են, իսկ ավելի լայն իմաստով՝ այն մթնոլորտը, որում մենք բոլորս ապրում ենք:

Ինչպես կարելի է այդ ամենը հաղթահարել: Իմ ասածները կարող են տարօրինակ թվալ: Բայց, քաղաքական լուծումները թողնելով քաղաքական գործիչներին, ասեմ, թե ինչ է, իմ կարծիքով, պահանջվում յուրաքանչյուրիցս:

1/ Չդատել (ինձ թվում է, պարզ է, թե ինչ է դա նշանակում): Բայց բարյացակամորեն զգուշացնել մոլորյալներին, որ այն, ինչ նրանք անում են, վնասակար է իրենց ու ուրիշ մարդկանց համար:

2/ Օգնել կարիքավորներին: Իսկ կարիքները կարող են ոչ միայն նյութական լինել: Մարդիկ, որոնց փոքր տարիքում չեն սիրել, որոնք հրապուրված են իրենց փոքր «էգո»-ով, որոնք հոգեւոր տգիտության ճիրաններում են, նույնքան կարիքավոր են, որքան ուտելիք կամ ապաստան չունեցողները:

3/ Համբերությամբ տանել մարդկանց բացասական վերաբերմունքը: Եթե հանդիպում եք մարդու, որը, ենթադրենք, փորձում է ձեզ վիրավորել, նեղվելու փոխարեն եկեք հասկանանք, թե ինչու է այս պահին Աստված հենց այս մարդուն ուղարկել: Շատ հնարավոր է, որ դա ինչ-որ նշան է, որը պետք է «վերծանել»:

Եվ էլի նման բաներ, որոնց մասին կգրեմ հետագայում:

Կրկնեմ, գուցե ասածներս չափից դուրս «կյանքից կտրված» եւ «անհատականացված» թվան մեր ազգային, սոցիալական եւ քաղաքական խնդիրների ֆոնին: Բայց հավատացեք՝ ամեն ինչ սկսվում է «անհատականից»:

Ինձ ամենեւին պատահական չի թվում, որ ազգային ինքնությունը վերագտնելու, մեր՝ հայերիս, մարդկային արժանապատվությունը վերագտնելու շարժումը ղեկավարում են հոգեւորականները: Չնայած «ղեկավարել» բառը ես ինչ-որ տեղ սխալ եմ համարում: Նրանք ավելի շուտ «միջնորդում են», իրագործում են այն, ինչ մեր ազգին հիմա վիճակված է անել:

Բացառված չէ, իհարկե, որ կոնկրետ այս շարժումը հաջողության չհասնի, եւ դիվային ծրագրեր իրականացնողները կկարողանան դարձյալ որոշ ժամանակ նստել իրենց աթոռներին: Հնարավոր է նաեւ, որ նրանք էլի մի ժամանակահատված կարողանան մարդկանց խաբել իրենց բանսարկություններով: (Էլ ինչո՞վ պետք է զբաղվի Բանսարկուն, եթե ոչ բանսարկություններ խրախուսելով):

Բայց, ի վերջո, եսասիրության, մորթապաշտության, ատելության, բամբասանքի, պառակտվածության այս թանձր մթնոլորտը պետք է ցրվի:

Եվ ոչ թե բանտապահներն ու կալանավորները կփոխվեն տեղերով: Մթնոլորտը կփոխվի իրական ներքին խաղաղության, հաշտության օրակարգով: Այն սկզբունքներով, որոնց մասին գրեցի հոդվածի առաջին մասում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031