Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամն ու թոռնուհիներս

Մայիս 08,2024 12:00

(հատված որդուս հիշատակին նվիրված «Հզորը» վիպակից)

Վահրամը մի առանձնահատուկ սիրով էր կապված եղբոր՝ Սարգսի աղջիկների՝ իմ թոռնուհիների հետ։ Այդ սերն անչափելի, աներեւակայելի էր ու անհագ։ Ամենաչնչին առիթի դեպքում, ամենաթանկարժեք խաղալիքներով ու նրանց կողմից սիրված նվերներով «լցնում էր նրանց կյանքը»,  շարունակելով մեր ընտանիքում հիմնված «նվիրատվության ավանդույթներն», ու կարծես փոխադարձելով նաեւ ժամանակին իր համար եղբոր կատարած «բարեգործությունները»…

Ինչպես Սարգիսն իրեն, այնպես էլ ինքը՝ եղբոր աղջիկներին՝ Սիրանուշին ու Արեւիկին, հաճախակի ուսերին նստեցրած, շրջում էր տանը, այգում եւ զգուշորեն թռցնում վերեւ, բռնելով միայն գետնին հասնելիս։ Իսկ աղջիկների հրճվանքին չափ ու սահման չկար…

Երեւանից  մեր տուն մտնելուն պես, թոռնուհիներս դիմավորում էին Վահրամին աննկարագրելի ուրախությամբ՝ «խարույկներ վառելով», այս ու այն կողմ վազվզելով, բոլորին գոռալ-իմաց տալով թե՝ հոպարըը՜ը, հոպարն եկաաաա՜վ…

Թոռնուհիներս ամռան ամիսներին Գերմանիայից այցելում են Հայաստան՝ մեզ եւ Սեւանի տատիկ-պապիկներին տեսության։ Վահրամը, կնոջ՝ Հեղինեի հետ միասին, «գողանում էին նրանց» ու մի քանի օր շարունակ, տանում Երեւանի ամենագեղատեսիլ վայրերն ու խաղահրապարակները։

Թոռնուհիներս ոչ հոգնում, ոչ ձանձրանում, ոչ էլ հեռանում էին հոպարից։ Իսկ հոպարն այնքան հետաքրքիր ու բազմաբովանդակ ժամանակ էր անց կացնում նրանց հետ, որ  վայրկյաններն անգամ, «ամրագրվում-ամբարվում էին» թոռնուհիներիս անմոռանալի «հուշերի գանձարաններում»։

Վահրամը թոռնուհիներիս էլ էր «վարակել» բնությունը սիրելու պաշտամունքով եւ բնության յուրաքանչյուր անկյունում որեւէ սրբագործված մասնիկ գտնելու զարմանալի հատկությամբ։ Նրանց հաճախ ուղեկցում էր դեպի այգի, դեպի մեր տան դիմացի ծաղկաշատ մարգագետիններ։ Իսկ հետո՝ անպայման պիկնիկ, որի հմուտ կազմակերպիչն էր որդիս։ Երեկոյան ուրախ-ուրախ վերադառնում էին արբեցուցիչ հոտավետ ծաղիկների գեղեցկագույն փնջերով։

-Տատի՜կ,- դեռ ներս չմտած, գոռում էին թոռնուհիներս։

-Սա քեզ համար ենք բերել,- միասին տատիկին էին մեկնում հավաքած ծաղկեփնջերն ու գոհունակությամբ նայում մեկ տատիկին, մեկ մայրիկին եւ մեկ էլ, իհարկե՝ հոպարին։

2023 թ. ապրիլին, առաջավոր փորձի փոխանակման նպատակով, Հայաստանում գործող Green Training Center-ի (Կանաչ ուսումնական կենտրոն) կողմից, Վահրամին հրավիրել էին Ավստրիա՝ Վիեննա։ Որդիս նպատակ էր դրել այնտեղից գոնե մեկ օրով թռչել Գերմանիա եւ այցելել Լյոհնեում բնակվող եղբոր ընտանիքին։ Ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով  այդ այցը չստացվեց եւ, ցավ եմ ապրում, որ Վահրամի ու թոռնուհիներիս հանդիպումը Գերմանիայում այդպես էլ չկայացավ։ Նա Վիեննայից մի փոքրիկ փաթեթ էր ուղարկել Սիրանուշի ու Արեւիկի համար…

Սիրանուշը հոպարի ուրախությունն էր, նրա «անփոխարինելի գանձը»։ Արեւիկը Վահրամի «թմբլիկն էր ու պոնչոն»։ Իսկ երկուսը միասին՝ «չարաճճի ճուտիկները»։

Անբուժելի հիվանդությունը, որքան էլ հյուծել ու արդեն անշարժունակ էր դարձրել որդուս, բայց եւ այնպես, վերջին օրերին նույնիսկ, տեսակապի միջոցով, երկար ժամանակ զրուցում, միայն իրեն հատուկ  սիրալիրությամբ եւ հումորով երջանկացնում էր նրանց, հատկապես Արեւիկին, ով Վահրամին հոպար ասելիս թվում էր բարեբանում, մեծարում, գովերգում  է, ինքն էլ փառավորվելով ողջ էությամբ։

Եվ հանկարծ…

Գերմանիայում, այն սոսկալի բոթն իմանալով, տասներեքամյա Սիրանուշը, չհավատալով տեղի ունեցածին, լռակյաց արտասվել է՝ անհավատալի ցավ սրտի մեջ պահած, իսկ ութամյա Արեւիկի անզուսպ արցունքները հեղեղել են դեմքը։ Որոշ ժամանակ անց, Արեւիկը նամակ է հղել առ Աստված.

-Սիրելի Հիսուս, իմ հոպարը շատ լավն ու բարի էր։ Խնդրում եմ նրան լավ պահես ու պահպանես,- գրել է, մոտեցել մայրիկին, տեղեկացրել նրան ու տխրամած հեռացել։ Քիչ անց, նորից է  մոտեցել մորը.

-Մայրիկ, ախր Հիսուսը չգիտի իմ հոպարի անունը։ Նա ինչպե՞ս է իմանալու՝ ով է իմ հոպարը։ Ավելի լավ է նշեմ նաեւ հոպարիս անունը…

Ավելացնում է «հոպարի անունը», որից հետո խնդրում մորը, որպեսզի նամակը տանեն, հանձնեն  եկեղեցի ու մոմ վառեն հոպարի հոգու հանգստության համար…

…Անաստվա՛ծ Աստված…

Ս. ՄԱԹՈՍՅԱՆ

արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
07.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031