Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մեղավոր եք, մեզ վրա՞ եք ծիծաղում». տարեց հայցվորը Վաղարշապատ համայնքի ղեկավարի ներկայացուցչին դիմեց

Մայիս 08,2024 13:00

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Սիմա Աբովյան) մայիսի 2-ին շարունակվեց կենսաթոշակառուներ Մարիետա Աբրահամյանի, ամուսնու՝ Էջմիածնի պատվավոր քաղաքացի Ջանիբեկ Հարությունյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ Վաղարշապատ համայնքի, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ «Ձեռքբերման վաղեմության ուժով համահայցվորների սեփականության իրավունքը Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի թիվ 131 տնամերձ հողամասի հարակից 540մ/ք հողամասի նկատմամբ ճանաչելու» պահանջով: Դատարան էր ներկայացել համայնքապետարանի ներկայացուցիչ Ամալյա Խաչատրյանը:

Հայցվորների որդին՝ Արման Հարությունյանը նախորդ նիստին ներկայացրել էր ութ կետերով պահանջ, որով խնդրել էր դատարանին՝ պահանջել համայնքապետարանից, պատկան մարմիններից այն փաստաթղթերը, որոնց ձեռք բերումն անհնարին էր դարձել, նաեւ պաշտոնական փաստաթուղթը, թե «վիճարկվող հողն ինչպիսի հող է, համայնքայի՞ն, թե՞ մասնավոր սեփականություն է»:

Դատավորը դիմեց հայցվորին. «Մենք դեռ չենք բաշխել բեռը, բաշխելուց առա՞ջ եք ապացույցներ ուզում ձեռք բերել: Դատարանին ցույց տվեք, որ ապացույցն եք պահանջում, որը կողմը մերժել է»: «Փաստաթղթերի ոչ իսկական լինելը կարող եմ վիճարկել ապացույցների բեռը բախշելուց առաջ»,-ասաց հայցվորը, հղում կատարելով քաղդատօրին, սակայն ոչ մի կերպ չստացվեց ավարտել միջնորդությունը: Կարծես ոչինչ չէր ներկայացվել մինչ այս նիստը եւ դատարանը նորից դիմեց հայցվոր կողմին, ներկայացնելու իրենց պահանջները՝ կետ առ կետ:

«Հատ-հատ ունե՞ք մերժում ութ կետերի վերաբերյալ, ներկայացրեք ձեր դիմումները, ապահովեք մերժումները, կքննարկենք»,-ասաց դատավորը: «Ի պատասխան ձեր դիմումի, հայտնում ենք, կադաստրային քարտեզում հողատարածքի տեղաշարժման վերաբերյալ քաղաքապետարանում տեղեկություններ առկա չեն, դիմեք կադաստրին»,- հայցվորը ներկայացնելով քաղաքապետարանի գրությունը, հայտնեց, որ դիմել են նաեւ կադաստրին, հայցադիմումին կից առկա է նաեւ կադաստրի աշխատակցի ցուցմունքը:

Ըստ հայցվորի, դիմելով քաղաքապետարան՝ իրենց գրավոր պահանջներին տրվել են խուսափողական պատասխաններ: Մասնավորապես, քաղաքապետից ստացվել էր քաղաքապետի պատասխանը, առ այն, որ այնտեղ պետական սեփականություն չկա, կա այլ սեփականատեր եւ ճանապարհ նախատեսված չէ, ուստի ձեր հարցը լուծեք դատական կարգով: Նախապատրաստվել էին նյութեր, քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ա.Հարությունյանն ասաց, որ կորոնավիրուսի պատճառով իրենք հետագայում չեն բողոքարկել կարճման որոշումը: Մինչ կարճումը, պարզվել է. «Կադաստրի աշխատակիցը ցուցմունք է տվել, որ Ա. Մանուկյան 131ա, Ա. Մանուկյան 131բ, Ա. Մանուկյան 131գ հողատարածքները քարտեզագրել եւ տեղադրել է (նոր գրանցում է արել)՝ քարտեզում կամայականորեն խախտելով կադաստրի օրենքը եւ հողային օրենսգիրքը: Հողային օրենսգրքի եւ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ պարզվում է, որ մինչեւ 1999 թ. ստացած հողատարածքները վերագրանցելու իրավունք չունեն պետական մարմինները, այլ պետք է վերահաստատեն նախնական տվյալների համաձայն (իրավիճակային հատակագծի քարտեզի կոորդինատների սկզբնական տրամադրված եւ վկայականում եղած հիմքերի հիման վրա)»:

Արման Հարությունյանը պնդում էր, որ դեռ նախորդ նիստին դատարարանը բանավոր պահանջեց համայնքապետարանից տրամադրել որոշակի ապացույցներ, պատասխանող կողմն ասաց, նման բան չի եղել, դատարանը նույնպես հրաժարվեց իր ասածներից:

«Հայցվոր կողմը պիտի ներկայացնի որեւէ հատակագիծ, որեւէ գծագիր, որով կերեւա, թե կա այլ հող, ամեն անգամ նիստը հետաձգվում է դրա պատճառով»,-ասաց պատասխանողի ներկայացուցիչը:

Հայցվորի խոսքի ժամանակ պատասխանողը ծիծաղեց, ինչը վիրավորանք համարեց վաստակաշատ տարեց մանկավարժ Ջանիբեկ Հարությունյանը, ով հարցրեց, թե ինչու է պատասխանողը ծիծաղում, երբ նրանց մեղքով են գտնվում դատարանում… Դատավորը դուրս հրավիրեց Ջանիբեկ Հարությունյանին, իսկ հայցվոր կողմը կարճ դադարից հետո վրդովված հայտնեց, որ ինքնաբացարկ են հայտնում դատավորին:

Նշեմ, որ թոշակառու ամուսինները 1991թ.-ից ստացել են Արամ Մանուկյան 2-րդ թաղամաս 131 հասցեում հողատարածք, որը տիրապետել են 33 տարի: Այն, ըստ իրենց վկայականի սխեմայի, եղել է պետական սեփականություն: 2006թ.-ին տեղի է ունեցել վկայականի վերահաստատում, որի համար վճարել են որոշակի գումար, որով վերահաստատել են սեփականությունը, ինչպես նաեւ այդ սխեմատիկ հատակագիծը, որը կնքված է եւ հաստատված Էջմիածնի քաղաքապետի կողմից: 1991թ.-ին նրանք ստացել են անժամկետ շինթույլտվություն, հաստատված նախագծի համաձայն փորել են տան հիմքը՝ կատլավանը (12ճ14 չափով մեր հողի ճակատը 12մ մասով, այսինքն՝ հենց հողի ճակատի չափով փորված է), որով իսկ կատարվել է շինաշխատանքների 1-ին փուլը:

Հարակից հողատարածքը տիրապետվում է 1991թ.-ից առ այսօր, սահմանազատվել է, տեղադրվել է տնակ: Հարությունյանները էլեկտրիֆիկացրել են, հողը շինաղբից մաքրել, ստեղծել են պտղատու այգի. «2019թ.-ին ուզում էինք վերսկսել շինարարությունը եւ հարակից հողատարածքն օրինականացնել, սակայն պարզվեց, որ վկայականով հողատարածքը քարտեզագրումից հանված է, իսկ այդ լրացուցիչ հարակից տարածքը, որը մեր փաստաթղթով պետական սեփականություն է եղել 2006թ.-ին, 2019թ. տեղաշարժելու միջոցով կադաստրը քարտեզագրել է (այսինքն՝ նոր գրանցում է կատարվել-Ռ.Մ.), մեկ այլ անձի սեփականություն է»: Իսկ այդ «մեկ այլ անձին» որեւէ մեկը երբեւէ այդ տարածքում չի տեսել, նաեւ դատարանում:

Ըստ էության, Ա. Մանուկյան 131ա, Ա. Մանուկյան 131բ, Ա. Մանուկյան 131գ հողեր քարտեզում չեն եղել եւ այդ հողի սեփականատիրոջ համաձայն կադաստրը տեղադրել է (նոր գրանցում է իրականացրել) հայցվորի կողմից տիրապետվող տարածքում:

Քրեական գործում էլ քննչական մարմնի որոշման մեջ միջնորդել են՝ կատարել ուղղում քարտեզներում, որն անտեսվել է: Ըստ հայցվորի՝ «ստացանք պատասխան շուտափույթ վերացնել սահմանազատումը, հետո նոր միայն կքննարկենք հողի կարգավիճակը, այլապես կանցնենք գործողությունների: Այդ գրությամբ դիմել ենք Վարչական դատարան, որպեսզի վերականգնեն մեր հողատարածքը քարտեզում: Հայցը վարույթ չընդունվեց, բողոքարկեցինք մինչեւ ՀՀ վճռաբեկ դատարան՝ պատճառաբանվել է, որ «դա տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է» եւ հայցի վարույթը եւս մերժվեց, այդ հարցը բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան՝ հիմնավորելով, որ «գործողություն պարունակող փաստաթուղթ է» (սպառնալիք պարունակող): Իսկ Վճռաբեկ դատարանի վճռով այդ փաստաթուղթը ճանաչվել է «տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ»:

Նիստը նշանակվեց հունիսի 5-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031