Այսօր լրագրողների հետ զրույցում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, ասել էր․
«Ականազերծումն ընդհանուր չի արվում, ականները հլը մնում են իրենց տեղում: Ականազերծումն արել են հենց սահմանի գծի վրով, որտեղ որ գիծ կա: Մնացածը լրիվ մնում են: Էն, ինչ ես տեսել եմ ու պատկերացրել եմ, որ ավելի վատը կլինի, դեպի դրականն է եղել, մինչեւ եկել, համարյա գետն են, իրենց գյուղից մի 25% էլ համարյա անցնում է մեզ։ Մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ»։
Կիրանցի համայնքապետի այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի ասուլիսում մեկնաբանվեց այնպես, որ գյուղապետը գոհ է աշխատանքների ընթացքից։
Ավելի ուշ Կամո Շահինյանը, անդրադառնալով հարցին, որ իր խոսքերը մեկնաբանում են այնպես, թե Կիրանցի բնակիչները գոհ են սահմանազատման գործընթացից, լրագրող Անի Գեւորգյանին ասաց․ «Այսօր Կիրանցում սահմանազատումը դեռ չի վերջացրել, եւ ես շեշտեցի այդ խոսքի մեջ, որ ամենամեծ վտանգը եւ ամենամեծ վախը կա հենց այս մասում, որը մտնում է կամուրջ եւ գյուղի տարածք։ Երեք կետում աշխատանքները ժամանակավորապես սառեցվել են, մենք չգիտենք՝ վաղը ինչ կարող է լինել այդտեղ։ Այս պահին չգիտեմ՝ բանակցություններ են գնում, թե ինչի՞ն են սպասում։ Այդ մարդիկ թող հասկանան՝ ոչ թե կիրանցիները ասում են՝ շատ լավ է, այլ այն, ինչ կատարվել է մինչեւ հիմա, դրական տեղաշարժ է, բայց վտանգը դեռ դեմներս է։ Իմ ասածները թող չաղավաղեն»։
Կարդացեք նաև
Ավելին մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ