Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ֆրանսիացի արխիվագետ-հնագրագետը սիրահարվեց Հայաստանին

Մայիս 07,2024 19:33

Հայաստանի ազգային գրադարանում իր երկամսյա մասնագիտական պրակտիկան անցկացրեց ֆրանսիացի արխիվագետ-հնագրագետ, Փարիզի արխիվային գործի համալսարանի ասպիրանտ Վադիմ Բոեմը։

Վադիմն ընդգծում է, որ շատ է սիրել Հայաստանն ու մարդկանց։ Դասական լատիներենին, գերմաներենին ու ռուսերենին տիրապետող Վադիմը փորձում է սովորել հայերեն, գիտի հայերենի քերականությունը, կարողանում է կարդալ, թեև դեռ շատ բաներ չի հասկանում։ Հայաստանում երեք ամիս անցկացնելով՝ նա եղել է բոլոր մարզերում, հիացել մասնավորապես Մեղրիով, այցելել է եկեղեցիներ ու պատմամշակութային կոթողներ, պատկերասրահներ ու թանգարաններ, Օպերային թատրոնում ու ֆիլհարմոնիայում վայելել հրաշալի համերգային ծրագրեր, ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մասնակցել բազմաբնույթ համերգային ծրագրերի։

Փետրվարից ապրիլ Հայաստանի ազգային գրադարանում Վադիմ Բոեմն իր ուսումնասիրություններն անցկացրեց արվեստի, անձեռնմխելի գրականության, հանրային կապերի, օտարալեզու մշակման բաժիններում ու գրադարանի Գրատպության թանգարանում։ Մշակման բաժնում նա սովորեց օգտվել էլեկտրոնային ԿՈՀԱ համակարգից։ Վադիմը նշում է, որ երկու շաբաթ արվեստի բաժնում անցկացնելով և ծանոթանալով Ազգայինի ֆրանսիական հարուստ հավաքածուի բացառիկ նմուշներին՝ ցանկանում էր դասախոսություն-ցուցադրություն կազմակերպել՝ նվիրված ֆրանսիական ռոմանտիզմին՝ մասնավորապես նկարիչներ Անն-Լուի Ժիրոդե-Տրիոզոնի, Ժերիկոյի, բանաստեղծ Շենյեի և պատմաբան Միշլեի հիշատակին։ Սակայն բաժնի հավաքածուն ուսումնասիրելով՝ նա որոշել է կենտրոնանալ ռոմանտիզմի ժամանակաշրջանի տպագիր արտադրանքի՝ փայտե փորագրություններով և կտորե կազմերով գրքերի ներկայացման վրա, որոնց բազմազանությունն ու բազմաոճությունը գրավել է նրան։

Արվեստի և Անձեռնմխելի գրականության բաժիններում ուսումնասիրելով Արղության-Երկայնաբազուկների հավաքածուն, Վադիմը դասախոսություն պատրաստեց 19-րդ դարի առաջին կեսի գրքի փոփոխությունների վրա՝ կենտրոնանալով գրքային ձևավորումների և գրքային արտադրանքի զանգվածայնացման վրա։ Արդյունքում Ազգային գրադարանի ֆրանսիացի փորձնակի՝ Վադիմի՝ Ֆրանկոֆանիայի երկամսյակի առիթով կազմակերպված հանրային դասախոսությունը «Տպագրությունը Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին. տպագրության, հրատարակչական գործի և հրատարակիչների պատմությունը՝ Ֆիրմին Դիդոյից մինչև Ժյուլ Էցել (1800–1860)» խորագրով էր։

Ապրիլի 16-ի դասախոսության ընթացքում նա ցուցադրեց ավելի քան 30 հազվագյուտ գիրք։ Ազգային գրադարանում անցկացված պրակտիկայի ընթացքում Վադիմ Բոեմը մասնակցեց նաև Պոեզիայի միջազգային օրվան՝ ընթերցելով ֆրանսիական պոեզիա, ֆրանսիացի հանրահայտ գրող Սիլվեն Տեսոնի և հայտնի լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի հետ հանդիպմանը, այլ միջոցառումների, մեծ հաճույքով ներկա եղավ կինոցուցադրումներին՝ դիտելով գրադարանի Սինե-ակումբի ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Վադիմը Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց պրովանսացի բանաստեղծ, գրականության Նոբելյան մրցանակակիր Ֆրեդերիկ Միստրալի բանաստեղծությունների արժեքավոր ժողովածուն։ Նա ինքն էլ Հայաստանի ազգային գրադարանից հայ նկարիչներին ու Հայաստանի պատմությանը նվիրված արժեքավոր գրքեր նվեր ստացավ։ Հայաստանում նա հասցրեց ընթերցել Գրիգոր Նարեկացու, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Համաստեղի և այլ հայ գրողների ֆրանսերեն թարգմանված գրքերը և նշեց, որ անչափ գերված է հայ գրականությամբ, հատկապես շատ է հավանել Գրիգոր Զոհրապի արձակը։

Վադիմը Ֆրանսիա մեկնեց շատ տպավորված՝ խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի ազգային գրադարանին՝ «իր նման բարդ փորձնակին ցույց տված ջերմ ընդունելության համար»։ Քաջ իմանալով հայոց ու տարածաշրջանի պատմությունը և այսօրվա քաղաքական իրավիճակը, նա մտահոգված էր Հայաստանով։ Նրա աչքերով՝ քաղաքակրթությունների խաչմերուկում ծվարած փոքրիկ, քաղաքակիրթ Հայաստան պետությունը շարունակ պայքարել է իր տեղը հաստատելու ու պահպանելու համար:

 

Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031