Մայիսի 5-ի երեկոյան Երևանի Թումանյան փողոցում գտնվող «1896» ռեստորանում բռնության է ենթարկվել «1in.am» լրատվական կայքի մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը։ Ըստ լրագրողի՝ նրան է մոտեցել բլոգեր Միկա Բադալյանն իր մի խումբ սեղանակիցների հետ, անվայելուչ պահվածք դրսևորել և ընդհարում հրահրել։ Երբ Ժիրայր Ոսկանյանը ոստիկաններին է ահազանգել, վերջիններիս աչքի առաջ այդ խմբի մարդիկ հարվածներ են հասցրել նրան, ձեռքից խլել հեռախոսը։ Ծեծկռտուքը շարունակվել է փողոցում։ Այդ ամենի տեսագրությունը տարածված է համացանցում։
Ոստիկանությունից դեպքի վայր են ժամանել նաև սպաներ, սակայն նրանք, ինչպեսև արդեն իսկ տեղում գտնվող նրանց ծառայակիցները, բռնություն կատարած անձանց նկատմամբ որևէ տեսանելի գործողություն չեն իրականացրել, իսկ ծեծկռտուքի մասնակիցներից շատերը հասցրել են ռեստորանի հետնամասից լքել տարածքը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ստիպված ենք ևս մեկ անգամ նշել, որ վերջին շաբաթների ընթացքում էապես ավելացել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումներն ու ֆիզիկական բռնությունների դեպքերը, և դրանք բոլորն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Տավուշի մարզում ընթացող սահմանազատման, դրանով պայմանավորված բողոքի ակցիաների և քաղաքական սուր պայքարի լուսաբանումների հետ։
Որոշ դեպքերում ոստիկաններն են ոչնչով չարդարացված ուժ կիրառում իրադարձությունների կիզակետում հայտնված և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների հանդեպ, այլ դեպքերում էլ վերջիններս թիրախավորվում ու բռնության են ենթարկվում արդեն հրապարակված նյութերի համար՝ որպես կանոն, հակադիր դիրքորոշում և գաղափարներ դավանող խմբերի ներկայացուցիչների կողմից։
Կարդացեք նաև
Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ հրահրվել և իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի և իր շրջապատի կողմից։ Ընդ որում, անհամաձայնությունը կապված է եղել մասնագիտական գործունեության, այն է՝ արտահայտած տեսակետների հետ, բայց դրսևորվել է ոչ թե բովանդակային պատասխանով, այլ անվայել պահվածքով ու բռունցքներ գործադրելով։ Սա առավել վրդովեցուցիչ է և դատապարտելի։
Ի գիտություն ընդունելով, որ Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ մենք ակնկալում ենք․
- վարույթ իրականացնող մարմիններից՝ համակողմանի քննության իրականացում և լրագրողի դեմ կատարված գործողությունների լիարժեք իրավական գնահատում։ Ընդ որում, կարևոր է, որ ընդդեմ լրագրողների վերջերս տեղի ունեցած բնությունների բոլոր դեպքերին հավասար մոտեցում ցուցաբերվի, անկախ նրանից, թե ինչ ուղղվածության լրատվամիջոցի ներկայացուցիչ են տուժողները։
- Ներքին գործերի նախարարությունից՝ միջադեպի ականատես դարձած և առերևույթ անգործություն ցուցաբերած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննության նախաձեռնում և վերոնշյալ վկայությունների հաստատվելու դեպքում պատասխանատվության միջոցների կիրառում։
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում մի շարք փաստեր են արձանագրվել, երբ ոստիկաններն են անհիմն ուժ կիրառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ և խոչընդոտել նրանց օրինական գործունեությունը հանրային կարևորություն ունեցող իրադարձությունները լուսաբանելու ընթացքում՝ վերահաստատում ենք Ներքին գործերի նախարարությանն ուղղված մեր պահանջը՝ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների և մեր ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել առկա խնդիրները քննարկելու և լրագրողների հանդեպ բռնությունները բացառելու նպատակով։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ