Բուլատ Օկուջավան այն գրողներից է, ում հոգևոր ներկայությունը նրա ֆիզիկական բացակայությամբ բնավ չի նվազել, եթե ոչ՝ հակառակը: Գրողի մահից ահա քառորդ դար անց էլ, նրա բանաստեղծությունները, որոնց մեծ մասը հեղինակը նաև հոգեխոս երգերի է վերածել, հազարավոր մարդկանց կյանքում շարունակում են ապահովել նրա հաճելի, կարևոր ներկայությունը: Բանաստեղծի երկրպագուները շատ են նաև Հայաստանում, և միանգամայն ողջունելի է բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանի՝ նրա հայերեն ժողովածուն պատրաստելու նախաձեռնությունը: Գիրքն արդեն ընթերցողի սեղանին է՝ հարյուր բանաստեղծություն հայերեն-ռուսերեն զուգադրությամբ՝ գեղեցիկ,խորհրդանշական նվեր հրաշալի բանաստեղծի ծննդյան 100-ամյակին,որը լրացավ մայիսի 9-ին:
Ներկայացնում ենք գրքի՝ թարգմանչի առաջաբանը:
ԶՐՈՒՑԱԿԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
2014-ի աշնանը երկու շաբաթով Պերեդելկինոյում էի, գրողների հանրահայտ ստեղծագործական տանը: Մերձմոսկովյան ամառանոցային այս ավանում, գրեթե ստեղծագործական տան հարևանությամբ, մի քանի անվանի գրողների տուն թանգարաններ են գործում, որոնցից մի քանիսում նախորդ այցելություններիս ժամանակ հասցրել էի լինել. մեծ բավականությամբ արդեն հյուրընկալվել էի Բորիս Պաստեռնակի, Եվգենի Եվտուշենկոյի, Կորնեյ Չուկովսկու «օջախներում»: Որոշեցի, որ այս անգամ հերթը Բուլատ Օկուջավայինն է, մի գրող, որի հանդեպ միշտ առանձնակի հետաքրքրություն ու ակնածանք եմ ունեցել: Ու, ահա, օրերիցս մեկը իմաստավորեցի, այցելելով նաև նրա տուն-թանգարան, ուրախ զարմանքով տեսնել-համոզվելով, որ այցելուների հոսքն այստեղ պարզապես չի դադարում: Մեր օրերում այնքան էլ հաճախ չհանդիպող երևույթ:
Ուշագրավ բազմաթիվ նյութերի ծանոթացա տուն-թանգարանում, գրողի կյանքին ու գործին նվիրված փաստա-վավերագրական հուզիչ մի ֆիլմ դիտեցի՝ լրացուցիչ շատ բան իմանալով լեգենդար այդ մարդու մասին, ով նաև մեր ազգակիցն է: Երևի քչերը գիտեն, որ Օկուջավայի մայրը հայուհի էր՝ ընդ որում՝ Վահան Տերյանի տոհմից: Եվ ուրեմն, կասկած լինել չի կարող, որ վրացի-Շալվա Օկուջավայի և հայուհի Աշխեն Նալբանդյանի բազմաշնորհ որդու մեջ հենց մայրական գենն է եղել գերիշխողը (հավելեմ, որ Աշխենը հանրահայտ գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյանի քույրն էր նաև ): Իսկ երբ կուսակցական հայտնի գործիչ հոր գնդակահարությունից հետո, 1938-ին ապագա գրողի մայրը ևս հայտնվել է ստալինյան ճամբարում, տասներեքամյա տղային մայրական տատն է առել իր հոգածության ներքո, ծանր պայմաններում, կարիքի ու զրկանքների մեջ մեծացրել, կրթության տվել որբացած թոռնիկին, ով հետո հանրահայտ անուն էր դառնալու խորհրդային լայնարձակ երկրով մեկ, յուրահատուկ իր շնորհիվ բազում սրտեր ու հոգիներ նվաճելու: Թե՛ բանաստեղծ էր, թե՛ սցենարիստ ու արձակագիր Օկուջավան, երգահան ու երգիչ, կարելի է ասել՝ հեղինակային երգ կոչվող ժանրի հիմնադիրը Ռուսաստանում: Տասնհինգ բանաստեղծական ժողովածուների հեղինակը 200-ից ավելի երգ է ստեղծել իր իսկ տողերով, որոնք կատարում էր մշտապես անշլագներով անցնող հեղինակային երեկոներում: Ընդ որում՝ ոչ միայն հայրենիքում. սիրելի կիթառից միշտ անբաժան՝ նա իր պոեզիան ու երգերը ներկայացրել է նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում, Կանադայում, Իսրայելում: Օկուջավայի երգերը հնչել են ավելի քան 80 գեղարվեստական կինոնկարներում, շատերը ֆիլմերից դուրս էլ հետո ինքնուրույն կյանք ձեռք բերել՝ դառնալով գրեթե ժողովրդական…
Տարիների ընթացքում բարձր գնահատականներ են հնչել նրա հասցե ին, տարբեր բնորոշումներ արվել արվեստին, ընդ որում, երևելի շատ մարդկանց կողմից, բայց թերևս ամենահետաքրքիրն ու դիպուկը Անդրեյ Վոզնեսենսկու խոսքն է դեռ նոր-նոր ասպարեզում հայտնվող իր գործընկերոջ մասին, այն ժամանակ, երբ ինքն արդեն երևելի անուն էր. «ֆենոմենալ մի բանաստեղծ է հայտնվել մեզանում. Բանաստեղծություն ները սովորական են, երաժշտությունը՝ սովորական, կատարում՝ միջակ, ձայն գրեթե չունի, բայց բոլորը միասին՝ հանճարեղ է»։ Ահա նման «յուրահատուկ» շնորհների համադրությամբ, ասպարեզ մտնելուց ի վեր ու մահից քառորդ դար անց անգամ այդ «ֆենոմենալ բանաստեղծն» իր «պահանջարկը» բնավ չի կորցրել, նույնքան սիրված է ու ընդունված, և ինչ-որ տեղ բացահայտվում, արժևորվում է նորովի …
Այդ օրը Պերեդելկինոյում ես տեսա նաև տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող բացօթյա այն բեմն ու համերգասրահը, որտեղ ամեն տարի, բանաստեղծի ծննդյան ու հիշատակի օրերին, պոեզիայի ու երգի իսկական տոն են կազմակերպում նրա արվեստի երկրպագուները, որոնք, ահա բանաստեղծի մահից քառորդ դար անց էլ, հազա՜ր հազարներ են՝ և՛ Ռուսաստանում, և՛ նրա սահմաններից դուրս, տարբեր տարիքի ու զբաղմունքի, տարբեր նախասիրության տեր մարդիկ: Ի դեպ, նրանք 2014-ը Օկուջավայի տարի էին հայտարարել ու հենց այդ օրերին բազմաթիվ միջոցառումներով, համերգներով, նրա ստեղծագործությանը նվիրված փառատոներով ու կոնֆերանսներով նշանավորում էին Ռուսաստանի «թիվ 1 կիթառով բանաստեղծի», «Արբատի երգչի» 90-ամյակը: Այդ տարի նրանք, բնականաբար, սովորականից ավելի հաճախ էին հավաքվում մոսկովյան Արբատի կենտրոնական հատվածում ու թիվ 109 կրթական կենտրոնի բակում գտնվող նրա հուշարձանների մոտ, որոնց երկուսի հեղինակն էլ մոսկվաբնակ մեծահամբավ հայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է…
Երբ ես խորին շնորհակալությամբ հրաժեշտ տվեցի բարեհամբույր, իր գործի իսկական գիտակ էքսկուրսավարուհուն, իմ մեջ այդ հրաշալի բանաստեղծին նորի՛ց, ավելի խորությա՛մբ ընթերցելու, լա՛վ ճանաչելու, նաև թարգմանելու ցանկություն կար արդեն: Թանգարանի գրախանութից գնել էի «20-րդ դարի պոեզիա» մատենաշարով հրատարակված նրա բանաստեղծությունների նոր ընտրանին և հենց Պերեդելկինոյի ստեղծագործական տան իմ սենյակում էլ կատարեցի առաջին թարգմանություն ներս, ընթացքում հաճույքով մտաբերելով ավելի քան 25 տարի առաջ բանաստեղծի հետ ունեցած իմ միակ, բայց անմոռանալի հանդիպումը, այդ հանդիպումից իմ մեջ տպավորված նրա մի խոսքը հատկապես, որ տարբեր առիթներով հաճախ եմ հիշում: Երբ մենք՝ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացների ունկնդիր երիտասարդ գրողներ, պոետական մեր հերթական սեմինարի պատվավոր հյուրին հարցրինք, թե ինքն իրեն առաջին հերթին ինչ է համարում. բանաստե՞ղծ, արձակագի՞ր, երգի՞չ, թե՞ երգահան, նա շատ կարճ պատասխանեց. «Ես ինձ պարզապես զրուցակից եմ համարում»: Ըստ իս, բանաստեղծի, գրողի, առհասարակ արվեստագետի կոչման ու առաքելության փայլու՛ն ձևակերպում հնչեցրեց նա, որը երևի նշանաբան պիտի հանդիսանա յուրաքանչյուր ստեղծագործողի համար: Իսկ ի՞նչ է ենթադրում իսկական զրույցը. անկեղծություն, անմիջականություն,, մտերմիկ մթնոլորտ, խոսքի պարզություն, ասելիքի հստակություն:
Թարգմանությունից թարգմանություն՝ ես նորից ու կրկին համոզվում էի, որ այդ ամենը կա ու նրա բանաստեղծությունների կարևոր մասն է կազմում, զարմանում էի՝ որքա՜ն ճիշտ ու դիպուկ նա այն ժամանակ բնութագրեց իրեն ու որքա՜ն խորք, կարևոր ասելիք կա նրա թվացյալ պարզ, հասարակ տողերում: Եվ իհարկե, առաջին հերթին հենց դա՛ է Բուլատ Օկուջավայի աներևակայելի ճանաչման, համաժողովրդական սիրո ու գնահատանքի գաղտնիքը:
Երևանում արդեն շտապեցի հրապարակել նրանից կատարած թարգմանական իմ առաջին այդ փորձերը. «Գրական թերթում» ու հենց բանաստեղծի 90 ամյակի առթիվ: Ի ուրախություն ինձ, ընթերցողական արձագանքները ջերմ էին, իսկ ես արդեն զգում էի, գրեթե վստահ էի, որ բանաստեղծությունների ներկայացված շարքն իր շարունակությունն է ունենալու, աստիճանաբար վերածվելու առանձին ժողովածուի: Այդպիսի մի գիրք ստեղծելը կարծես արդեն ներքին թելադրանք, հոգևոր պահանջ էր դառնում ինձ համար: Ճիշտ է, հանգամանքների բերումով, աշխատանքը գրքի վրա ընդհատումներով ընթացավ (թեև այդ ընթացքում կարողացա էլի մի քանի շարք ներկայացնել մամուլում ու ռադիոյով, ՖԲ-յան իմ էջում, կրկին համոզվելով, որ մեզանում էլ քիչ չեն Օկուջավայի երկրպագուները՝), բայց ուրախ եմ, որ ահա ի վերջո իրականություն է դառնում վաղեմի ցանկությունս, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ առջևում դարձյալ բանաստեղծի հոբելյանն է. մոտենում է նրա 100 ամյակը:
Սիրելի ընթերցողներ, ուզում եմ հուսալ, որ ձեզանից շատերն արդեն սպասում էին Բուլատ Օկուջավայի հետ նոր, առավել «տևական» այս հանդիպմանը ու այս գրքով դուք շատ ավելի մոտիկից եք ճանաչելու, սիրելու և գնահատելու այնքա՜ն յուրահատուկ ու ինքնատիպ «կիթառով բանաստեղծին», ով հրաշալիորեն տիրապետում էր զրուցակից դառնա լուռ արվեստին և ի սկզբանե եկել էր կարևոր մի համոզման՝ «Սրբազան գիտություն է իրար լսելը»: Նա հաճախ, թերևս հենց իր ողջ ստեղծագործությամբ, նշում էր նաև՝ «Պետք չէ սիրո ու բարության պաշար կուտակել», ու մինչև վերջ ապրեց, ստեղծագործեց անխախտ այդ նշանաբանով՝ միայն սեր ու բարություն, անկեղծություն ներշնչելով մարդկանց:
ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ