Երեւանում մեկնարկել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնած «Թվապատում» շարքի 10-րդ՝ «Կանոնների արվեստը» կոնֆերանսը, որը թվային դարաշրջանում մեդիա միջավայր ստեղծելու եւ դրան ուղեկցող մարտահրավերների մասին է: «Թվապատում 2024»-ին, բացի Հայաստանը ներկայացնողներից, մասնակցում են նաեւ գործընկերներ՝ Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Կանադայից, Բելգիայից եւ Վրաստանից։
Կոնֆերանսն անդրադառնում է ժամանակակից լրագրության չափանիշներին, էթիկային, թվային գործիքների՝ հատկապես արհեստական բանականության ազդեցությանը մասնագիտական ոլորտում, ինքնակարգավորման հայեցակարգերին, խմբագրական քաղաքականությանը, դիմակայունությանն ու ճգնաժամերի հաղթահարմանը։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն նշեց, որ միջոցառումն իրականացվում է Հայաստանի մեդիայի ոլորտի զարգացման 5-ամյա ծրագրի շրջանակում, որի բյուջեն 15 մլն դոլար է:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ ի թիվս այլնի՝ իրենք աջակցելու են ոլորտում բարեվարքության կանոնների մշակմանը, լրագրողների մասնագիտական զարգացմանը, ապահովությանն ու անվտանգության ուղղությամբ գործընթացներին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի ձեւակերպմամբ, կոնֆերանսը միմյանց հետ ծանոթանալու եւ մտքերի գեներացման հարթակ է:
MDI-ի CyberHub.am կիբերնախաձեռնության թիմը, որ ՏՏ աջակցություն եւ խորհրդատվություն է տրամադրում «Կանոնների արվեստը» կոնֆերանսի մասնակիցներին, ստուգում էր ցանկացողների հեռախոսները՝ պարզելու համար կա՞ն արդյոք Pegasus-ի հետքեր: Թվապատման հետնաբեմում էլ հերթ էր գոյացել VR ակնոցները փորձելու համար՝ շատերն էին ուզում հայտնվել վիրտուալ իրականության մեջ:
Հավելենք , որ «Թվապատում» շարքի 10-րդ՝ «Կանոնների արվեստը» կոնֆերանսի աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Media.am-ի ֆեյսբուքյան էջից