Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սահմանազատման վերջին փուլում հանրաքվե անենք, ես համոզված եմ, որ մարդիկ կողմ կքվեարկեն»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 07,2024 17:22

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Կիրանցում կան տներ, որտեղ մարդիկ ունեն սեփականության վկայականներ, բայց պարզվում է, իրենց տները պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողությանը։

«Մենք այդ ամենը չենք ժխտել, ես ասում էի՝ 12 կետերից 8-ի դեպքում կամ նույնիսկ հնարավոր է 9 դեպքում սահմանազատում իրականացվել է այս պահի դրությամբ, բայց կա 3 կետ, որի հետ կապված ավելի մանրամասն աշխատանք պետք է տեղի ունենա։ Ո՞րն է այս ավելի մանրամասն աշխատանքը, սահմանազատման հանձնաժողովը վերցրել է բոլոր սեփականության վկայագրերը, հանվում են բոլոր հիմքերը։ Եվ այդ հատվածում առավել մանրամասն է դիտարկվելու։ Այստեղ ամեն սմ-ն էական է։ Բոլոր կիրանցիները գիտեն, թե այդ որ 3 կետերն են, որովհետեւ ես իրենց հրավիրել եմ, քարտեզի վրա ցույց եմ տվել։ Այդտեղ պետք է սանտիմետրի ճշգրտումներ արվեն, եւ պետք է քաղաքացիների շահերը հաշվի առնվեն»,- ասաց նա։

Անդրադառնալով Կիրանցի դպրոցի անվտանգության հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այսօր Մովսես, Այգեպար ու Բերքաբեր գյուղերի դպրոցներն էլ են ուղիղ նշանառության տակ։ «Եվ սահմանազատումից առաջ Կիրանցի դպրոցն էլ է այսօր ուղիղ նշանառության տակ։ Եթե ինձ հարցնեք՝ բա Մովսեսի դպրոցը ո՞նց հանենք ուղիղ նշանառության տակից, պատասխանս կլինի՝ սահմանազատում անենք այդ հատվածում, որովհետեւ սահմանազատումը դպրոցը նշանառության տակից հանելու ամենացիվիլ ու ամենաիրավական տարբերակն է։ Մենք միջազգային իրավունքի պատ ենք կառուցում Կիրանցի դպրոցի ու Կիրանցի համար։

Ինձ ասացին, որ շահարկումներ են եղել, որ ես ասել եմ՝ պատ կկառուցենք, ծառ կտնկենք, երբ ես ասել եմ՝ իրավական պարիսպ կա, ասել են՝ հոգեբանական խնդիր կա, բա որ երեւա ինչ-որ բան։ Ասել եմ՝ եթե այս իրավական երաշխիքներից հետո էլ մարդիկ կուզենան, որ տեսադաշտը փակվի, կարող ենք դա ապահովել։ Չնայած այդ հարցերը քննարկել ենք, եւ մեր կառավարությունում էլ, ԱԽ-ում էլ կարծիքներ կան, որ պետք չէ այդպես վարվել, որովհետեւ մեր նպատակադրումը խաղաղությունն է»,- ասաց նա։

Անդրադառնալով տեսակետներին, որ սահմանազատման գործընթացում ի հայտ են գալու գործընթացներ, որոնց լուծելիության տիրույթը հանրաքվեն է լինելու, այս նպատակո՞վ են իշխանություններն առաջ քաշում սահմանադրական փոփոխությունների օրակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մեր կողմից Սահմանադրության փոփոխության հարցն առաջ քաշելը կապ չունի ձեր ասած թեմաների հետ։ Ինչ վերաբերում է սահմանազատման արդյունքում հնարավոր հանրաքվեներին, դա ի՞նչ կապ ունի՝ այս Սահմանադրությամբ կլինի, թե՞ որեւէ այլ Սահմանադրությամբ։ ՀՀ-ում կա Սահմանադրություն, որն ասում է, որ տարածքի փոփոխությունը տեղի է ունենում հանրաքվեով։ Ես իմ կարծիքն եմ ասել, թե ինչ կլինի այդ հանրաքվեի արդյունքում։ Ես ասել եմ՝ եթե մենք այդ հանրաքվեն անենք սահմանազատման սկզբնական փուլում, չի անցնի այդ որոշումը, մարդիկ չեն քվեարկի, բայց եթե անենք վերջնական փուլում, երբ ամբողջ պատկերը պարզ կլինի, ես համոզված եմ, որ մարդիկ կողմ կքվեարկեն, սա իմ համոզմունքն է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031