Բոլոր երկրներում իրավապահներն ուժ կիրառելու իրավունք ունեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանում ոստիկանական ուժերի՝ բիրտ ուժ կիրառելու եւ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին լրագրողի հարցին։
Լրագրողը հետաքրքրվեց՝ դուք խոսում ենք ժողովրդավարությունից, ասում եք՝ ՀՀ-ում երեք միլիոն վարչապետ կա, ինչո՞վ է պայմանավորված ձեր եւ մյուս երեք միլիոն վարչապետերի միջեւ հսկայական տարբերությունը, որովհետեւ այդ երեք միլիոնին խոշտանգում են, բռնության են ենթարկում, ծեծում են, ոստիկանության կողմից ձերբակալված վարչապետերից մեկին դիմակավորված անձինք ծեծել են, ընդ որում՝ բռնության այս դեպքերն արձանագրում են նաեւ միջազգային կառույցները։
Փաշինյանն ասաց, որ միջազգային այդ կառույցները ՀՀ կառավարության գործընկերներն են․ «Նրանց զեկույցները ձեր պրոբլեմը չի, մեր պրոբլեմն է։ Խոսում եք բիրտ ուժի մասին, բայց իրավապահ համակարգը եթե ուժ կիրառելու հնարավորություն չունենա, չի կարող լինել իրավապահ։ Աշխարհի բոլոր երկրներում իրավապահներն ուժ կիրառելու իրավունք ունեն»։
Նա օրինակ բերեց ԱՄՆ-ն՝ երբ ուսանողները կամպուսը գրավել էին, ուժային գործողությամբ այդ կամպուսն ազատվեց․ «Հիմա դա բիրտ ո՞ւժ էր, թե՝ բիրտ ուժ չէր։ Դա օրինական գործողություն էր։ Այդ բոլոր ստանդարտներն ԱՄՆ-ում են հաստատվել, ԱՄՆ-ից է դուրս եկել։ Մեզ համար կարեւոր է, որ ժողովրդավարության շրջանակներից դուրս չգանք»։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ աշխարհում չկա երկիր, որ զերծ է այդ խնդիրներից․ «Այլ բան է, որ դա մեր օրակարգն է, որ մենք ուզում ենք Հայաստանը դառնա բռնապետական, թե՞ ժողովրդավարությունը մեզ համար իրոք ռազմավարություն է եւ մենք ուզում ենք ժողովրդավարության զարգացում։ Խոշտանգումների դեպքերը պետք է պատշաճ քննվեն, միանշանակ»։
Փաշինյանի խոսքով՝ իրավապահ համակարգը պետք է ուժ կիրառելու իրավունք ունենա՝ օրենքով սահմանված չափորոշիչներով։ Այդուհանդերձ, Փաշինյանի ներկայացմամբ՝ ՀՀ-ում ուժի կիրառման ստանդարտ չկա․ «Ես ասել եմ՝ պետք է լինի ստանդարտ, թե որ դեպքում է ուժ կիրառում ոստիկանությունը»։ Ապա Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունն իր օրինական գործողությունը կատարում է, հետո նրան հրավիրում են այլ իրավապահ մարմիններ, քննում են, ոստիկանն էլ ասում է՝ես իմ աշխատանքն եմ կատարել, ինչով եմ մեղավոր։
Նա վստահեցրեց՝ մարդկանց խոշտանգելն իշխանության նպատակադրումը չէ։
«Դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում, էդ քանի՞ հոգու են խոշտանգել։ Անձամբ ինձ հետ են դեպքեր տեղի ունեցել բոլորիդ աչքի առաջ, էդ քանի հոգու են խոշտանգել այդ դեպքերի պատճառով, կարո՞ղ եք այդպիսի մի դեպք նշել, չեք կարող։ Եղել է, որ փողոցում, տարբեր տեղերում իմ նկատմամբ ընդհուպ խմբակային հարձակումներ են եղել, էդ քանի՞ հոգու են խոշտանգել»։
Երբ դուք իրավապահների ներքո էիք, ձեզ ծեծե՞լ են դիմակավորված անձինք, լրագրողը հետաքրքրվեց Փաշինյանից, սակայն նա այս հարցին չպատասխանեց, Փաշինյանի խոսնակը ընդհատեց լրագրողին եւ թույլ չտվեց նա շարունակի։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ