ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր:
Ողջունելով հյուրերին Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարեւորելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է որոշակի դիտարկումներ եւ առաջարկներ նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներն ընդգծել են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ունենալու անհրաժեշտությունը եւ նշել, որ նախատեսում են այդ կապակցությամբ քննարկումներ ունենալ շահագրգիռ կառույցների, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն:
Զրուցակիցները քննարկել են նախագծին, ինչպես նաեւ թեմային առնչվող հարցեր, ընդգծել գործակցելու պատրաստակամությունը:
Կարդացեք նաև
Նույն օրը հյուրերի հետ հանդիպել եւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությանը վերաբերող հարցեր են քննարկել ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Զեմֆիրա Միրզոեւան եւ Իրինա Գասպարյանը:
ԱԺ