Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում է` մասնակցելու Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին:
Դաշինքը հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզբունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքների զարգացմանն ու պաշտպանությանը:
Մայիսի 6-ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները։
Մասնակիցները փոխանակվել են լավագույն փորձով և գիտելիքներով:
Կարդացեք նաև
Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:
Մայիսի 6-ին կայացել է նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովի նիստը:
Քննարկման օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:
Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև իրավապաշտպանների և օմբուդսմանական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը:
Մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում են իրենց երկրներում՝ գործունեության իրականացման ընթացքում:
Անահիտ Մանասյանը խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների անխոչընդոտ գործունեության հետ կապված առանձին բաժինների առկայության, առավել հաճախ հանդիպող դեպքերի նկարագրության և պաշտպանության կառուցակարգերի մասին։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանի հաստատության պաշտպանության առնչությամբ այս պահին առկա մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող վտանգները։
Առաջիկա օրերին տեղի կունենան Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստը և մի շարք այլ հանդիպումներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ