ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության պատվիրակության հետ, որը գլխավորել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Վերոնիկա Բիլկովան (Չեխիա):
Հանդիպման առանցքում «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումն էր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կառույցների հետ համագործակցությունը. «Հայաստանի Հանրապետությունը խստորեն հետևում է միջազգային բոլոր օրենքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների կրթությանը և մշակութային կյանքին վերաբերող իրավունքներին»:
Կողմերն անդրադարձել են «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի մշակման գործընթացին և դրանում ԿԳՄՍ նախարարության մասնակցությանն ու ներկայացրած առաջարկներին: Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը տեղեկացվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է օրենքի նախագծի՝ ազգային փոքրամասնությունների կրթության իրավունքին նվիրված հոդվածի մշակմանը: Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հոդվածը թեև ծավալուն չէ, բայց առանցքային նշանակություն ունի ամբողջ օրենքի համատեքստում:
Կարդացեք նաև
Փոխնախարարը ներկայացրել է լրացուցիչ տեղեկություն նշված հոդվածի առանձին կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ուսուցման լեզվի ընտրության, առարկայական ծրագրերի մշակման, դասագրքերի հրատարակման, ուսուցիչների պատրաստման, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերի վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ