ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում:

Այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դպրոցականները Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 10 մեդալ՝ 3 արծաթ և 7 բրոնզ:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1) ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,

2) դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
  • եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

3) դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ: