Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունը ներկայացնում է, որ այս շարժումը դեմ է սահմանազատմանը, ու ըստ իշխանության՝ դեմ լինել սահմանազատմանը, նշանակում է՝ եղած պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվելու, ինչը պատերազմի պատճառ կարող է դառնալ՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ճեպազրույցում այսպես արձագանքեց. «Ես շարժման անունից չեմ կարող մեկնաբանել այն հիմնական մոտեցումները, որ առկա են շարժման հիմքում կամ դիրքորոշումներում: Իսկ մեր կուսակցության եւ խմբակցության դիրքորոշումն արդեն ներկայացրել եմ:
Մեզ համար որպես քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այն է, որ ինչ-որ փուլում պետք է դելիմիտացիա, դեմարկացիա իրականացվի, այլ այն է, թե դրանք ինչ սկզբունքով են իրականացվում, ինչ քարտեզներ են դրանց հիմքում եւ դա բանակցային գործընթացում ինչպիսի դեր ունի, հատկապես, օրինակ, Խաղաղության պայմանագրի համատեքստում»:
Տիգրան Աբրահամյանի խոսքով. «Խաղաղության պայմանագիրն, ըստ էության, դեռեւս որոշակի ամբողջացման փուլ չի եկել, բայց դրանից առանձին դելեմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց է տեղի ունենում: Ավելին, Ադրբեջանը նույնիսկ հայտարարում է, որ հետագայում Խաղաղության պայմանագրի կնքման պարագայում այնտեղ ամրագրված մոտեցումները կամ սկզբունքները ունենալու են գերակա դեր այսօրվա դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի նկատմամբ, ինչը բավականին տարակուսելի իրավիճակ է ստեղծում…Կրկնում եմ՝ խնդիրը ոչ թե այն է, որ դելիմիտացիա, դեմարկացիա չպետք է լինի, այլ այն, թե ինչ սկզբունքներ են դրա հիմքում դրված, եւ գործընթացը ինչ տրամաբանությամբ է առաջ գնում»:
Պատասխանելով Ալեն Սիմոնյանի՝ արտահերթ ընտրությունների եւ իրենց խմբակցությունում մանդատները վայր դնելու մասին հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նշեց. «Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը, հատկապես իշխանության կողմից սահուն ձեւով դեպի տոտալիտար ռեժիմ գնալու մեծ ցանկությունները եւ երեւացող որոշակի իրադարձությունները, պարզ է դառնում, որ մեր երկրում այս իշխանության կազմակերպած ցանկացած ընտրություն Հայաստանի Հանրապետության համար լինելու է կատարյալ ձախողում:
Կարդացեք նաև
Շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե հնարավոր լիներ փողոցային շարժման միջոցով գեներացվեր այնպիսի իրավիճակ, ինչի պայմաններում հնարավոր կլիներ հանրային ճնշման եւ խորհրդարանի միջոցով հասնել վարչապետի փոփոխության: Որովհետեւ, կրկնում եմ՝ այս իշխանության կազմակերպմամբ, ցանկացած ընտրություն որեւէ ձեւով չի շոշափելու մեր քաղաքացիների շահերը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ