«Հենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է։ Հենց հիմա հայկական բնակավայրեր են հանձնվում․ սա ինչ է, եթե ոչ պատերազմ ու աղետ»,- «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քայլերթն առաջնորդողներից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին։ Իր ասուլիսում վերջինս հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի դադարեցումը տանելու է պատերազմի եւ շարժումը հենց դրան է տանում։
Նա ցավով արձանագրում է, որ Տավուշի առաջնագիծը՝ ամենաամուրը, որտեղ թշնամին որեւէ պատերազմում չի հաջողել ճեղքել, այժմ փաստացի հանձնվում է թշնամուն։ Գառնիկ Դանիելյանի տպավորությամբ, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանավոր փոխհամաձայնություն է եղել՝ Հայաստանի հանձնման մասին ու դա 2020 թվականի պատերազմից հետո քիչ-քիչ իրականացվում է։
«Եկեք հասկանանք՝ ովքե՞ր են այս գործընթացին սատարում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ՝ հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, կատարել ու կատարում են կոնկրետ հանձնարարություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ի պատասխան սրա, Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Շնորհակալություն։ Ինքն անձնապես այդ բոլորին ճանաչո՞ւմ է։ Եթե ճանաչում է, ուրեմն, մեծ խնդիրներ ունի»։
«Ինչ վերաբերում է այսօր, այդ թվում՝ հոգևորականների կողմից առաջ քաշվող պահանջին, որ կասեցվի այս գործընթացը, այսինքն՝ կասեցվի Հայաստանի անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի Հայաստանի ինքնիշխանության հաստատման գործընթացը»,- նաեւ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է։ Հստակ»,- պատասխանեց սրբազանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները չեն ազդում իրենց տրամադրությունների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ