Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա երիտասարդը կալանավորվել է 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման համար

Մայիս 07,2024 14:58

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի 70–ամյա բնակչուհու նկատմամբ առերևույթ ավազակային հարձակման դեպքի հանգամանքները։

2024 թվականի մայիսի 2-ին 70-ամյա կինը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ  ժամը 20։40-ի սահմաններում, տուն վերադառնալիս՝ հասնելով Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքի շքամուտքի մոտ, անհայտ անձը հարձակվել է իր վրա և զենքի սպառնալիքով հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, գումար, բանկային քարտեր, իր վարորդական իրավունքի վկայականը և այլ իրեր։

Դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում դեպքի վայրում՝ հիշյալ շենքի մուտքի 3-րդ հարկի հարթակում, հայտնաբերվել է «Pistole Modell 27, Kal 7.65» գրառմամբ առանց փամփշտատուփի ատրճանակ, որը վերցվել է, վերցվել են նաև շենքի դիմացի հատվածը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի 25–ամյա բնակիչ է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկում՝ 70–ամյա կնոջ բնակարանի դռան մոտ,  25-ամյա  երիտասարդը, ատրճանակը պահելով կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը, որից հետո ատրճանակը գցելով՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ, ինչն իրականացվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031