Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ամենամեծ անհաջողությունը համարում է 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Այս մասին Փաշինյանն ասաց այսօր հրավիրված ասուլիսում։
Նա նշեց, որ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու հնարավոր չեղավ խուսափել 2020 թվականի 44-օրյա պատերազմից, որը, նրա խոսքով՝ կապ ունի այսօրվա իրավիճակի հետ։
«Լեգիտիմ հարց կհնչի՝ իսկ ինչո՞ւ է կառավարությունն այսօր խոսում է պատերազմից խուսափելու մասին եւ դա հնարավոր համարում, իսկ այն ժամանակվա համար հիմնավորում է, որ դա հնարավոր չէր։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018-ի դրությամբ, որովհետեւ 2018 թվականին առկա կետից առաջ գնալու համար անհրաժեշտ էր իրականացնել հետեւյալ քայլերը կամ առնվազն համաձայնվել այդ քայլերին՝ յոթ շրջանների վերադարձը, ԼՂ-ի ընթացիկ այն ժամանակ գոյություն ունեցած կարգավիճակի լուծարումը, արձանագրումն այն բանի, որ ԼՂ-ն միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլեւ որքան հայերի կողմից է կառավարվում, այնքան էլ կառավարվում է ադրբեջանցիների կողմից։ Սրա արդյունքով ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում, ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգում։ Նույնիսկ այս ամենն անելուց հետո պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի։ Այսինքն, չի երեւում ինչ է լինելու հետո, ինչ է լինելու սրա վերջը։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Դա ողբերգական եւ կատաստրոֆիկ ձախողում է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինքս ինձ հետ մոտ չորս տարվա խոսակցության բոլոր դետալները գծելու եւ վերագծելու արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ դա անխուսափելի էր ե՛ւ այն դեպքում, երբ մենք չգնայինք այս իմ ասած ճանապարհով, ե՛ւ այն դեպքում, երբ գնայինք այս իմ ասած ճանապարհով»։
Անդրադառնալով իր կառավարման ընթացքում ձեռքբերմանը կամ հաջողությանը, Փաշինյանն ասաց՝ ՀՀ-ն եւ ՀՀ ժողովուրդը հաղթահարում է, նույնիսկ հաղթահարել է ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը, ինչը Հայաստանի պետականության հարատեւության շատ էական հիմքեր էր ստեղծում, որը 2019-ին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության առանցքային միտքն է․«Այս բոլոր աղետների միջով անցնելով՝ մենք հասել ենք մի տեղ, երբ այլեւս տեսնում ենք հորիզոն, երբ տեսնում ենք հեռանկար։ 2018 թվականից մինչեւ բոլորովին վերջերս գերակշռող զգացողությունն, իմ՝ որպես ՀՀ վարչապետ, եղել է փակուղու զգացողությունը, երբ չես կարողացել ոչ առաջ գնալ, ոչ հետ գնալ, ոչ աջ գնալ, ոչ՝ ձախ։ Այսօր, թերեւս, իմ վարչապետության շրջանում առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում եւ դա սահմանազատման վերջին շրջանի գործընթացների շնորհիվ։
Կարդացեք նաև
2018-ին, երբ որեւէ սցենար վերլուծում էի՝ ես չէի տեսնում այդ նեգատիվ անիվի պտույտի կանգը՝ որտե՞ղ է դադարելու այդ ամեն ինչը։ Այսօր ես շատ հստակ եմ տեսնում, ժողովուրդն էլ պետք է հստակ տեսնի այդ նեգատիվ անիվի կանգնելու կետը։ Այն, ինչ այսօր, որքան էլ ցավոտ, տեղի է ունենում Ոսկեպար-Կիրանց -Բերքաբեր հատվածում, մենք այս խոսակցությունը սկսել ենք նրանից, որ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, հիմա մենք ստեղծում ենք այդ երաշխիքը, եւ այդ երաշխիքները գործում են, գործելու են։ Վերջին շրջանի մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք ամբողջությամբ ինքնուրույն, ինքնիշխան որոշման տրամաբանությամբ այդ որոշումները կայացնում ենք եւ այդ երաշխիքները ստեղծում ենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ