«Ակնհայտորեն իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ երկրում առկա դժգոհության պատճառը, որը նաեւ ակտիվ ներքաղաքական զարգացումների է բերել, այն է, որ հավաքական ընդդիմությունը փորձում է առհասարակ հրաժարվել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից: Իրականության մեջ, եթե այս պահին բանակցային գործընթացը դիտարկենք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համատեքստում, ապա խնդիրը հետեւյալն է՝ իշխանությունը փորձում է ֆոն ստեղծել՝ օգտագործելով միջազգային տարբեր կառույցների, նաեւ տարբեր երկրների հայտարարությունները, որ իրենք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի դեպքում գնում են ճիշտ ճանապարհով, բայց իրական փաստերը եւ գործընթացում երեւացող հիմնական էլեմենտները ցույց են տալիս, որ իշխանությունն ընդամենը բավարարում է ադրբեջանական միակողմանի պահանջները, սպասարկում է ադրբեջանական օրակարգը»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով. «Եթե մենք խոսում ենք այն հիմքերի մասին, թե ինչից ելնելով եք դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնում, միակ բանը, որ անընդհատ իշխանությունը գոռում է տարբեր ամբիոններից, հետեւյալն է, որ հենվում են Ալմա-Աթիի հռչակագրի վրա: Մինչդեռ Ալմա-Աթիի հղումը որեւէ հիմնավոր բան չի տալիս, թե ինչ է դրված դրա տակ, ինչ քարտեզներ են, ինչ իրավական բազա եւ այլն:
Չի հստակեցվում, թե Ալմա-Աթիի ասելով նկատի ունեն դրանից առաջ՝ վերջին դելիմիտացիա, դեմարկացիա՞ն, որն օրինակ Սովետական ժամանակաշրջանում՝ 1984-88թթ տեղի է ունեցել: Արդյոք մեկնակետը 1984-88թթ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթա՞ցն է»:
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ անցնող քառօրյայի ընթացքում եւս առիթ է ունեցել իր շատ գործընկերների հետ կիսվելու իր տպավորություններով, նաեւ ԱԺ հայտարարությունների ժամին է սրա մասին հայտարարությամբ հանդես եկել. « Ի վերջո, հստակ չէ՝ ա) հիմքը որ քարտեզն է, բ) վերջին դելիմիտացիա, դեմարկացիան, որ տեղի է ունեցել 1984-88թթ , արդյոք դա՞ է այս ամեն ինչի հիմքում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ