«Մենք եկել ենք աջակցություն հայտնելու սրբազան հոր առաջնորդած շարժմանը, որովհետեւ այս շարժումը համարում ենք շատ կարեւոր նշանակություն ունեցող»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին միացած, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա այս շարժումը համարում է գոյաբանական, քանի որ Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացը համարում է անօրինական, մեր երկրի անվտանգային համակարգը ամբողջությամբ խաթարող։ Արման Թաթոյանը պնդում է՝ գործընթացն իրականացնող հանձնաժողովները որեւէ իրավական հիմք չունեն։ Դիտարկմանը, որ միջազգային կառույցները ողջունում են գործընթացը եւ պնդում՝ ուրախ են, որ այն համաձայնագրի հիման վրա է տեղի ունենում, Արման Թաթոյանն արձագանքեց՝ ոչ մի համաձայնագիր էլ չկա եւ դա ակնհայտ է հենց կառավարության անդամների խոսույթից։ Սա, ըստ նրա, ևս մեկ ապացույց է՝ գործընթացի հակաօրինականության։
Իսկ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը նա համարում է հենց պետականության հիմքերի խարխլում, քանի որ եկեղեցին պետականության հիմքերից է։ Արման Թաթոյանը տխուր զուգահեռներ է տեսնում Երուսաղեմում հայկական եկեղեցու եւ Հայաստանում եկեղեցու թիրախավորումների միջեւ։
Հարցին՝ կստանձնի՞ վարչապետի պաշտոնը, քանի որ հավանական թեկնածուների շարքում իր անունն էլ է շրջանառվում, Արման Թաթոյանը պատասխանեց, որ հիմա եկել է շարժմանն աջակցելու եւ այդ հարցին չի պատասխանի։
Կարդացեք նաև
Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հնարավոր է սահմանազատման գործընթացը կանգնեցնել, բայց դա տանելու է պատերազմի ու այս շարժումը հենց դրան է տանում։ Արման Թաթոյանն արձագանքում է՝ այս սահմանազատման արդյունքում ունենալու ենք բնակավայրեր, որոնք անիմաստ է լինելու ունենալ։ Նա հիշեցնում է՝ 2020-ի պատերազմից հետո իր թիմով եղել է ողջ Հայաստանի տարածքում եւ շատ տխուր պատկերներ են արձանագրել․ այսպիսով, ավելի բարդ իրավիճակ է ստեղծվելու։ Նա պնդում է՝ սահմանազատման այս գործընթացը հակադրվում է մեր երկրի շահերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ