Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր ասում են կասեցում, նրանց նպատակը պատերազմ սադրելն ու ՀՀ-ում ոչ ընտրական իշխանափոխություն անելն է»․ Փաշինյանը դարձյալ սպառնաց պատերազմով

Մայիս 07,2024 14:03

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին ու շարժման մասնակիցների պահանջներին։

«Ինչ վերաբերում է այսօր, այդ թվում՝ հոգևորականներ կողմից առաջ քաշվող պահանջին, որ կասեցվի այս գործընթացը, այսինքն՝ կասեցվի Հայաստանի անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի Հայաստանի ինքնիշխանության հաստատման գործընթացը, հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք։ Ենթադրենք այսպիսի մի իրավիճակ, ես ասում եմ՝ շատ լավ, հարգելի եպիսկոպոսներ, Վեհափառ հայրապետ, որ ասում եք, շատ լավ, այսօր ցերեկվանից կկասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո։ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Ես հավատացած եմ, որ նպատակը հենց դա է եղել ի սկզբանե՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետեւանքը կլինի պատերազմը։ Ընդ որում, պատերազմն այդ պարագայում դելեգիտիմացված չի լինի։ Եվ այն ուժերը, ովքեր պահանջում են սահմանազատումը դադարեցնել, նաեւ այդ ուժերի, նաեւ արտաքին որոշ ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի նոր տարածքներ օկուպացնեն՝ դա օգտագործելու համար Հայաստանում քաղաքական փոփոխություններ անելու համար։ Եվ այդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարեւոր է, թե ինչ է տեղի ունենալու։ Ընդդիմության հայտնի դեմքերից մեկը եթերում նստած կասկածի տակ է առնում Հայաստանում ազատ, արդար ընտրություններ իրականացնելու նպատակահարմարությունը։ Սա նշանակում է՝ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանությունը»։

Նա նշեց, որ պատերազմը ներքին ու արտաքին որոշ ուժերի պետք է այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների։ Նույն սցենարը գործում էր նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Նրանք, ովքեր ասում են կասեցում՝ նրանց քաղաքական նպատակը հետեւյալն է՝ սադրել պատերազմ, ապահովել պատերազմի արդյունքում ոչ ընտրական իշխանափոխություն, հաջորդաբար ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում եւ ՀՀ ինքնիշխանության եւ պետականության դե ֆակտո լուծարում դե յուրե լուծարումից առաջ։ Սա է սցենարը։

Եկեք հասկանանք՝ ովքե՞ր են այս գործընթացին սատարում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ՝ հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, կատարել ու կատարում են կոնկրետ հանձնարարություններ։ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են եւ ձայնագրությունը հրապարակել։ Բայց ո՞վ է ասել ձեզ, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել։ Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Իմիջիայլոց, մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային որպես ազդեցության գործակալ օգտագործելու նպատակով»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031