«Այո, մենք պնդում ենք, որ այն ուժերը, խմբերը, որոնք չեն ուզում, որ Հայաստանն ունենա պետական սահման եւ ըստ էության՝ պրոցեսներ են գեներացնում, որոնք կարող են էսկալացնել իրավիճակը, ամեն բան անում են, որպեսզի Հայաստանին ներքաշեն պատերազմի մեջ, ըստ էության՝ Հայաստանի ինքնիշխանությանը վնասելու համար, որպեսզի կարողանան իրականացնել հեղաշրջում եւ գալ իշխանության»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով. «Սա է նրանց նպատակը, ինչպես եղել է նախկինում, ունենալ մի ծայրագավառ՝ գավառապետով: Սա է որոշ խմբակների երազանքը: Ինչպես Լեռնային Ղարաբաղի դաժան դեպքերի կամ պատերազմի օրերին էին անում, նույնն էլ անում են հիմա»:
ՔՊ-ական պատգամավորը հավելեց. «Ես ձեզ ուղղորդում եմ, գնացեք դիտեք, թե ռուսական պետական լրատվամիջոցներով ինչ տեքստեր են հնչում, գնացեք քաղաքական գործիչների տեքստերը լսեք, գնացեք գտեք Հայաստանը տարիներով թալանած եւ Ռուսաստան փախած մարդկանց ելույթները, ուղիղ եթերները՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին: Այսինքն, կոնկրետ փորձ է արվում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, եւ որոշ խմբերի օգնելու միջոցով՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու փորձեր անել, որպեսզի ծայրագավառ դարձնեն Հայաստանը եւ կրկին արգելակեն մեր ինքնիշխանությունը»:
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ պետք է խոսել փաստերով. «Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը ողջունվել է՝ սկսած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, ավարտած ՀՀ բոլոր պետություններով՝ Իրանով եւ Վրաստանով: Երբ որ մենք ասում ենք, որ շարժումը կարող է օգտագործվել այլ պետությունների կողմից, որոնք սահմանազատման, սահմանագծման գործընթացը չեն ուզում, հիմք ենք ընդունում նաեւ այն, թե որ պետություններն ինչպես են արձագանքել:
Կարդացեք նաև
Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, միջազգային կազմակերպությունները, մեր գործընկերները դրական են բնութագրում այդ գործընթացը, բայց կան պետություններ, որոնք ընդհանրապես լռում են, ու մեզ մոտ առաջանում են հիմնավոր կասկածներ՝ մտածելու, որ այդ գործընթացը չի բխում վերջիններիս շահերից»:
Ի պատասխան լրագրողի հարցին, որ որեւէ իրավական գործընթաց չկա արտաքին հետքի հետ կապված, հետեւաբար ընդդիմությունը պնդում է, որ կեղծ են իշխանությունների՝ այդ մասին հայտարարությունները՝ Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Եթե իրավական որեւէ սահմանագիծ անցնեն մարդիկ, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետությունում խժդժություններ իրականացնել, բնականաբար օրենքն այդտեղ կաշխատի…Հայաստանում քանի՞ զինված խմբավորումներ էս վերջին ամիսներին ձերբակալվեցին, կալանավորվեցին, որոնք նախնական մեղադրանքով՝ կազմակերպել էին ահաբեկչություն պաշտոնատար անձանց նկատմամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ