Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2021- 2022 թվականների էսկալացիաներից հետո միջազգային հանրությունը մեզ հարցնում էր՝ ի՞նչն է պրոբլեմը, որ այդ 4 գյուղերի խնդիրը չեք լուծում»․ Փաշինյան

Մայիս 07,2024 13:28

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը։ 

«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Ինչո՞ւ ենք մենք խուսափում ասել՝ այս մի քարտեզի հիման վրա, որովհետեւ գիտեք, որ նախկինում էլ ասել ենք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել։ Ճիշտ է, մենք հիմա Կիրանցի հատվածում ենք անում սահմանազատումը, բայց մեզ համար կարեւոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը։ Եվ մենք, ըստ այդմ, գործում ենք նաեւ գործնականում։ Մենք այս թեմայով նախկինում մեր արած հայտարարություններից չենք շեղվել եւ հիմա գործում ենք այդ տրամաբանությամբ։ Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են ԽՍՀՄ փլուզման պահին խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանները»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Ինչո՞ւ ենք մենք գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով, որովհետեւ համարում ենք, որ սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա եւ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի, Կիրանցի եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար։ Ես երկար ժամանակ խոսել եմ այն մասին, որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ չունենք անվտանգային երաշխիքներ։ Եվ հետեւաբար այս պայմաններում ո՞րը պետք է լինի մեր գործողությունը՝ մենք պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ։ Այսինքն` հիմա սահմանազատումն ինքնանպատակ չէ, դրա նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձեւավորում։ Եվ սահմանային սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են։ Այս փուլում մեր նպատակը ոչ թե վերլուծություն անելն է՝ պատերազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Սահմանազատման այն գործընթացը, որը տեղի է ունենում Տավուշի մարզում, մենք այդտեղ միայն հո Կիրանցի, Ոսկեպարի խնդիրը չենք լուծում, մենք ՀՀ խնդիրն ենք լուծում։ Այս գործընթացն ունի մի նպատակ՝ անիմաստ, անտրամաբանական եւ անիրագործելի դարձնել պատերազմը, պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»։

Նա հավելեց, որ Տավուշում աշխատանքների 90 տոկոսն իրականացված է․ «Եվ ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձեւավորվում են անվտանգային երաշխիքներ, եւ պատերազմը զրկվում է հիմքից, դառնում է անտրամաբանական, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ մենք անվտանգության երաշխիք ենք ստեղծում մեր ինքնիշխան որոշման շրջանակներում, մենք ինքներս մեր սեփական ձեռքերով»։

Հարցին, թե 1988 թվականի քարտեզները ներառվա՞ծ են գործընթացում, Փաշինյանը պատասխանեց․ «Շատ է խոսվում 1988 թվականի սահմանազատման աշխատանքների մասին, խոսվում է այն մասին, որ կառավարությունը դրա մասին չգիտի, այդ թղթերը ոչնչացրել է, բայց ես ուզում եմ ասել, որ ես իմ սեփական ձեռքերով այդ թղթերը շոշափել եմ եւ տեսել եմ, նաեւ կարդացել ու ծանոթացել եմ։ Բայց ուզում եմ մի իրողության մասին խոսել՝ ամբողջ խնդիրն այն է, որ այդ փաստաթղթի մեջ գրված է, թե այդ փաստաթուղթն ինչպես է մտնում ուժի մեջ։ Դա նորմալ պրակտիկա է, այդ փաթեթը չի հասցրել մտնել ուժի մեջ։ Այսինքն՝ հարցի ուղիղ պատասխանը հետեւյալն է՝ այդ թղթերը մենք ունենք, մեր աշխատանքային թղթերի ցանկում է, բայց այդ գործընթացն իրավական ուժ չի ստացել»։

Ինչո՞ւ են սահմանազատումը սկսում հենց Տավուշից, հարցին էլ պատասխանեց․ «Երաշխիք ստեղծելու համար, անվտանգության երաշխիք ստեղծելու համար։ Եվ երբ այս գործընթացը բնականոն ճանապարհով գնա, ավարտվի, դա ինքնին լինելու է անվտանգության երաշխիք։ Եվ մենք այստեղ գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար, պատերազմն ընդհանրապես որեւէ լեգիտիմ հիմքից զրկելու համար»։

Փաշինյանը նշեց նաեւ․ «2021- 2022 թվականների էսկալացիաները միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել։ Եվ ցավով պետք է արձանագրեմ, որ միջազգային հարթակներում դրանք շատ դեպքերում բացատրվել են 4 ադրբեջանական գյուղերի գործոնով։ Եվ մեզ համար զարմանալիորեն ու ցավալիորեն այդ իրավիճակում, որ մենք պետք է լինեինք հայցվորի դերում, մենք եղել ենք պատասխանողի դերում, որովհետեւ հարց է հնչել՝ փոխադարձաբար ճանաչո՞ւմ եք տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչն է պրոբլեմը, որ այդ գյուղերի խնդիրը չեք լուծում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031