Լրահոս
Օրվա լրահոսը

«Առկա է դեռ չիրացված մեծ ներուժ». Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետի հետ

Մայիս 07,2024 13:36

Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս հայտնելով, որ վերջին շրջանի դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները թույլ կտան նոր խթան հաղորդել հարաբերությունների և բազմաոլորտ օրակարգի զարգացմանը: «Առկա է դեռ չիրացված մեծ ներուժ թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ հատկապես տնտեսական կապերի առումով, և առկա է պատրաստակամություն քայլեր ձեռնարկել շարունակական արդյունքներ գրանցելու համար»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

Հանգամանալից քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների համապատասխան կառույցների փոխգործակցության հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության, մարդկանց միջև շփումների, մշակութային զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, որոնց էականորեն կարող է նպաստել Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկը։ Վկայակոչելով Բուդապեշտում Պետեր Պազմանի Կաթոլիկ Համալսարանում հայկական ուսումնասիրությունների բաժանմունքի գոյությունը, ինչպես նաև երկու երկրների միջև 2023-25թթ կնքված փոխըմբռնման հուշագրերը՝ նախարար Միրզոյանը կարևորել է փորձի, ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի կյանքի կոչումը։

Անդրադարձ է կատարվել նաև պատմամշակութային արժեքների պաշտպանությանը Հունգարիայի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությանն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերին։

ՀՀ արտագին գործերի նախարարը և հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարվա երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում նախանշվող բոլոր ծրագրերը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման, դրանց անքակտելիության առանցքային սկզբունքները։

Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա ընձեռած հնարավորությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031