Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ՔՊ-ական որոշ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում՝ իրենց շարժմանը միանալու համար, արդյոք բացառո՞ւմ են, որ նման ուղերձներ հղողներ կլինեն՝ խորհրդարանական ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահոված է բոլոր քաղաքացիների համար, 2018թ ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո բազմիցս ականատես եք եղել դրան: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այս պահին լծված է ՀՀ անվտանգությունն ապահովելու, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն առաջ տանելու գործին»:
Նա նաեւ հավելեց. «Եթե որեւէ հիմնավորում կամ նյութ կլինի, կասեք՝ կարելի՞ է մեկնաբանել, կմեկնաբանենք, բայց հիմա օդից վերցված պնդումները եւ հայտարարությունները մեկնաբանելու խնդիր ես չեմ տեսնում»:
Հարցին՝ իշխանությունը պարբերաբար մեղադրում է ընդդիմությանը Կիրանց գնալու, մարդկանց հույզերի հետ խաղալու մեջ, ՔՊ պատգամավորները չե՞ն պատրաստվում գնալ Կիրանց, հանդիպել բնակիչների հետ, ներկայացնել փաստարկները, Արթուր Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես զարմանում եմ ձեր հարցի վրա, որովհետեւ ՀՀ վարչապետը գնացել է եւ ի սկզբանե ամեն բան շատ պարզ բոլոր դետալներով ներկայացրել է ոչ միայն Կիրանցում, այլեւ Ոսկեպարում, Բաղանիսում, Բերքաբերում: Ինչ վերաբերվում է առանձին անհատների, դուք հիմա հարցնում եք՝ ինչու ՔՊ կուսակցության, օրինակ, 250 անդամն էլ կամ ինչու ՔՊ-ական 71 պատգամավորներն էլ չեն գնացել եւ չեն զրուցել Կիրանցի եւ մյուս գյուղերի մեր հայրենակիցների հետ:
Կարդացեք նաև
Իշխանության ներկայացուցիչները ի դեմս մեր քաղաքական ուժի առաջնորդի՝ վարչապետի, խոսել է, մեր քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ են խոսել, եւ եթե ես այնտեղ չեմ, դա չի նշանակում, որ Քաղաքացիական պայմանագիրն այնտեղ չէ… Դուք տեխնիկական բնույթի հարց եք տալիս, ինչ վերաբերվում է մեր առհասարակ ներգրավվածությանը, ապա բոլոր պետական ինստիտուտները, առաջին հերթին ՀՀ վարչապետը եւ ողջ Քաղաքացիական պայմանագիրը կանգնած է մեր սահմանամերձ բնակիչների կողքին եւ մենք միասին ենք խնդիրները լուծելու, իսկ էդ մարդիկ, որ գնում են Կիրանց, այո, խաղում են մարդկանց հույզերի հետ եւ փորձում են մարդկանց հուզերի ու վշտի վրա գեներացնել քաղաքական գործընթաց, ինչը տեղի է ունենում վերջին շրջանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ