«Պատերազմի դուռն իրենք են բացել ու մինչեւ հիմա պատերազմի դուռը չեն էլ փակել։ Հենց հիմա էլ ՔՊ-ի սիրելի ադրբեջանցի զինվորներն այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են»,- Սոլակում լրագրողների հետ զրույցում, երթի մեկնարկից առաջ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով իշխանական ճամբարից հնչող հայտարարություններին, թե «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցները պատերազմի դուռ են բացում։
Իրավիճակը պատգամավորը գնահատում է մտահոգիչ եւ լարված ու ոչ միայն Կիրանց գյուղում․ «Ծաղկավանք գյուղից զանգեցին՝ ասացին, որ Ծաղկավանք գյուղի ներքեւի հատվածում էլ են շարժեր նկատվում։ Գյուղերի թիվն ավելանում է։ Հայերի արյունով ականազերծում են այդ գյուղերը։ Այս պահին Կիրանց-Ծաղկավանք հատվածում են ականազերծում իրականացնում»։
Հիշեցնենք, ՊՆ-ն հերքեց ադրբեջանցի զինծառայողների ներկա գտնվելը հայկական գյուղերում, մինչդեռ Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները հայկական տարածքներում են։
Գառնիկ Դանիելյանը սուտ է որակում նաեւ իշխանական ճամբարից հնչող այն հայտարարությունները, որ Արցախն ընդդիմադիրներն են հանձնել։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը հանրությանը միասնության ու միաբանության կոչ է անում, որպեսզի հնարավոր լինի կործանարար ընթացքը կասեցնել եւ մեր արժանապատվությունը պահել։ Շարժման ընթացքը նա դրական է գնահատում, մանավանդ, որ հաջողել են կոտրել իշխանական քարոզը, թե խնդիրը մի քանի գյուղերի է կամ միայն Տավուշինն է։ Իր գնահատմամբ, շարժումը հաջողել է խնդիրը Տավուշից դուրս հանել, քանի որ շարժմանը միացել են տարբեր խմբի եւ տարբեր շերտերից մարդիկ։ Նա նաեւ հորդորում է՝ չպիտակավորեն ոչ ոքի, միավորվել հանուն համընդհանուր շահերի՝ պետության ու պետականության։
«Ով կգա՝ կմիավորվի՝ լուռ, հանգիստ, հավասարակշռված իր գործը կանի, մեր քույրն ու եղբայրն է։ Ով կգա կսադրի, կպառակտի՝ մեզ հետ կապ չունի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ ինքը ակնկալիքներ չունի, իր ակնկալիքը իր հողն ու ջուրն է, իր պայքարը նրա համար է, որ առաջնագիծը ամուր լինի, որ թշնամին Սոլակ գյուղում չհայտնվի։ ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին դեռ հավատացողների ուշադրությունն էլ հրավիրում է նրա վրա, որ թուրքերն ու ադրբեջանցիները ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հանրահավաքներ են անում։ Սա, նա համարում է ՀՀ գործող իշխանության «մեծ հաջողությունը»։
«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին մասնակիցները մեկնարկեցին երթը Սոլակից։ Երթի մասնակիցներն այսօր կլինեն Չարենցավանում։ Նախատեսված է, որ մայիսի 9-ին լինելու են Երեւանում։
Հիշեցնենք, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ