«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Մարկ Լիբբիի «առաջին այցը Ղարաբաղ» և ինչ ակնկալիքներ ունի մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ [հայտնելու համար]», – ասել է Միլլերը՝ պատասխանելով պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը երեկ հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին իր տիկնոջ հետ այցելել է Ղարաբաղ և Ֆիզուլի:
«Շատ ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ: Մենք գրեթե երկու ամիս պատրաստվել ենք այս այցին, և ուրախ եմ, որ այն վերջապես կայացավ: Շնորհակալություն հյուրընկալության համար: Անհամբեր սպասում եմ շարունակել իմ ճանապարհորդությունները Ադրբեջանում»,- հայտնել է դեսպան Լիբբին Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության X սոցիալական հարթակի էջի միջոցով:
Կարդացեք նաև
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ