Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպիսի վերադասավորումների դեպքում անհնար է լինելու Հայաստանում, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ներդրումների ներգրավումը»․ Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Մայիս 07,2024 11:12

Սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության նոր ռիսկեր են առաջ բերելու: Այս գործընթացի բացասական ազդեցության թիրախում է հայտնվելու տնտեսությունը: Արդյոք արտաքին և ներքին ներդրողների համար Հայաստանը կլինի՞ գրավիչ ու անվտանգ երկիր: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն առաջարկում է պոտենցիալ ներդրողներին բաժանել երեք խմբի՝ տեղական, օտարերկրյա, բացառությամբ Թուրքիայի և Ադրբեջանի, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած:

«Տեղական ներդրողները, տեղական բիզնեսին և որոշակի կապիտալին տիրապետողները, վստահեցնում եմ, որ կապիտալն արտահանում են Հայաստանի Հանրապետությունից: Իմ ճանաչած մարդկանց շրջանակում չեմ ճանաչում միջին բիզնեսից սկսած մինչև խոշոր, որ կապիտալը չարտահանի Հայաստանից՝ գոնե այս պահին դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Օտարերկրյա ներդրումները բացակայում են Հայաստանում, դա ցույց են տալիս 2020 թ.-ից մինչ այսօր բոլոր վիճակագրական հետազոտությունները, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական տվյալները: Բացակայում են ոլորտային ներդրումները, բացառությամբ մի քանի ոլորտի՝ գազային, էլեկտրաէներգիայի և հանքարդյունաբերության, վերջերս նաև կապի օպերատորներից «Վիվա ՄՏՍ-ի» բաժնետոմսերի մեջ տեղի ունեցավ փոփոխություն:

Դրանք այնպիսի ոլորտներ են, որոնք կարող են ցանկացած դեպքում, անկախ Հայաստանի Հանրապետության կարգավիճակից, տեղում օգտագործվել և տեղում շահույթներ է գեներացնել: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, այս «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ նրանք պատկերացնում են Հայաստանի Հանրապետությունն իրենց տարածք: Այս ամեն ինչի տակ դրված է տնտեսական սովորական հաշվարկ: Այսինքն, հաշվարկում են, թե որքան կլինեն պատերազմի ծախսերն ամբողջությամբ կամ իրենց հետաքրքրող հատվածը գրավելու համար, և «փափուկ ուժի» ծախսերն են հաշվում: Տեսնում են, որ «փափուկ ուժով» ձեռք բերելը տնտեսապես շատ ավելի ձեռնտու է և էֆեկտիվ, գնում են դրա հետևից:

Ի՞նչ են անում «փափուկ ուժով»: Նախ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ երեք հարյուր հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցման, իսկ դա ահռելի, նույնիսկ կրիտիկական զանգվածը գերազանցող թիվ է: Այդ երեք հարյուր հազարի համար իրենք այստեղ սկսում են իրենց ներդրումները: Դրա վառ օրինակ-ապացույցն ու հիմնավորումն է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական գվարդիա ստեղծելը: Երբ ֆրաnսիական զրահատեխնիկա էին բերում Հայաստանի Հանրապետություն, գովազդում էին, թե իբր դա սահմանային անվտանգության կամ բանակին ծառայող զինտեխնիկա է, բայց դա ընդամենը ներքին խժդժությունները զսպող, ներքին ուժ ստեղծելու համար զինտեխնիկա է:

Դրան գումարած՝ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են այս վերաբնակեցման ժամանակահատվածում նաև միջազգային խաղաղարար առաքելություն, ինչը նշանակում է թուրքական զորքերի կամ թուրքական ոստիկանական ուժերի ներկայություն Հայաստանի Հանրապետությունում: Այս պարագայում և այդպիսի վերադասավորումների դեպքում անհնար է լինելու Հայաստանում, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ներդրումների ներգրավումը: Սա ուղղակի անհնար է, ոչ թե կասկածի տակ է, այլ ուղղակի բացառում ենք: Զուգահեռաբար Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվանումով քարտեզներ է հրապարակում, լրատվամիջոցներ ու ֆակուլտետներ ստեղծում: Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031