Ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը «թույլ տվեց վաղաժամ ավարտել խաղաղապահ գործողությունը եւ սկսել ՌԴ-ի խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանի տարածքից», ասաց ռուս գեներալ Իստրակովը, իսկ կենտրոնը պաշտոնապես փակվեց Ադրբեջանի զինվորական նվագախմբի երգ ու պարով:
Վերջին շաբաթներին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների, պայմանավորվածությունների հարթակն Արեւմուտքից դեպի Կրեմլ տանելու որոշակի ազդակներ նկատվեցին: Երեւանին ու Բաքվին ղազախական հարթակի «առաջարկով», այնուհետեւ` Կրեմլում Ալիեւի հոր մեծարման երեկոյի անցկացմամբ, նաեւ` ՌԴ-ից ակնարկով, թե Մոսկվայում սպասում են նաեւ Փաշինյանին, կարելի է եզրակացնել, որ Մոսկվան ակտիվորեն աշխատել է Ալիեւի հետ: Իսկ Փաշինյանը` որպես Բաքվի բոլոր քմահաճություններին հարմարվող ղեկավար, թերեւս, կընդունի դեպի Կրեմլի «տանիք» նոր «օպերացիան»…
Կողմերին Արեւմուտքից Կրեմլ «շրջելու» միտումը չէին կարող չնկատել Արեւմուտքում: Ապրիլի 28-ին կայացավ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Փաշինյանը գոհունակություն էր հայտնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով:
Ուշագրավ էր կառավարության տարածած հաղորդագրության հետեւյալ հատվածը. «Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, եւ հանդիպումը որեւէ գաղտնի օրակարգ չի ունեցել: Վարչապետ Փաշինյանը նաեւ դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար»:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում որոշեց «արդարանալ», որ Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններում որեւէ «գաղտնի օրակարգ» չի եղել: Սա պարզ է, թե ինչու… Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման նախաշեմին եւ դրանից հետո ադրբեջանական իշխանական մամուլում մի քանի փուլանոց «տեղեկատվական արտահոսք» կազմակերպվեց, որոնցով պատմում էին, թե` ինչ են «պայմանավորվել», կամ «պայմանավորվելու» Վաշինգտոնն ու Բրյուսելը Երեւանի հետ: Եվ ահա, չսպասելով պաշտոնական Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Երեւանի հերքումներին, Մոսկվան ՀՀ իշխանություններից հրապարակավ պահանջեց հերքել «Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական համաձայնությունների մասին» տեղեկությունները:
Փաշինյանն ու Բլինքենը նաեւ ընդգծել էին 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարեւորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը, փաստել են, որ նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը: Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո նույն օրը ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիեւին» նրա հայտարարության համար, համաձայն որի` Երեւանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, եւ ընդգծել է դրա կարեւորությունը երկու կողմերի համար՝ կայուն եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Սակայն, սրանով հանդերձ, ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին։ Այսինքն, առաջ ընթանալ ամերիկյան ջանքերի համատեքստում, ոչ թե օգտվել Մոսկվայի «ծառայություններից»: Եվ որպեսզի Ալիեւը գիտակցեր «պահի լրջությունը», Վաշինգտոնից նաեւ հայտնեցին, որ Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին` պահպանել միջազգային եւ մարդու իրավունքների պարտավորությունները եւ ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն էլ իր հերթին մանրամասնել էր, թե Բլինքենի եւ Ալիեւի հեռախոսազրույցում նշվել է, որ` «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանների սահմանազատումից բացի, սկսվել է երկու երկրների միջեւ սահմանագծման գործընթացը»։
Այն, որ Պուտին-Ալիեւ համագործակցության եւ փաստացի` ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների խորությունն արդեն լրջորեն անհանգստացնում է Արեւմուտքին, վկայեց եւս մեկ իրադարձություն: Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ, որով Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին անում Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել 2023թ. դեկտեմբերին ձերբակալված իրավապաշտպան Իլհամիզ Գուլիեւին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ-ի եւ այլ քաղաքացիների։ Բանաձեւում նշվեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP 29 համաժողովի հյուրընկալման հետ: Եվրախորհրդարանի պատգամավորներն արդեն պահանջում են, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը քննարկի էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման հարցը։ Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում էին, որ ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պայմանավորված լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ եւ երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմամբ: Նրանք կրկնել էին ԵՄ պատժամիջոցների իրենց կոչը Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտում: Բանաձեւն ընդունվել էր` 474 կողմ, 4 դեմ, 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Որպեսզի Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Ալիեւ-Պուտին պայմանավորվածություններն ավելի ցցուն դառնան, ապրիլի 26-ին Բեռլինում՝ Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսում Ալիեւը նշեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման լավ հնարավորություն է տեսնում եւ որ «արդեն սահմանազատում եւ սահմանագծում ենք իրականացնում»։ «Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունները։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում: Այսպիսով մենք ձեռնարկում ենք լրացուցիչ քայլեր խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Իսկ այսօր առավոտյան Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը, այսինքն՝ խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան։ Բաքուն պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ, որոնք ցանկանում են օգնել այդ հարցում», – ասել էր Ալիեւը։
Կանցլեր Օլաֆ Շոլցը, որի ջանքերով Ալիեւն ու Փաշինյանը տեւական դադարից հետո անցած փետրվարին վերադարձան բանակցային սեղանի շուրջ առաջին անգամ Արցախի հայաթափումից հետո, իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին. «Վերջին հանդիպմանը դուք երկուսդ ինձ հավաստիացրել եք, որ բաց հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում»։ Գերմանիայի կանցլերը նշեց, թե Բեռլինն ուրախությամբ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման նախնական պայմանավորվածությունների մասին լուրը, հույս հայտնելով, որ երկու երկրներին կհաջողվի այս տարվա ընթացքում նաեւ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Ալիեւը Բեռլինում էր երկօրյա այցով, որի առանցքում էր համագործակցությունը Եվրամիության հետ էներգետիկ ոլորտում: Երկու տարի առաջ Բաքուն խոստացավ մինչեւ 2027-ը կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը։ Ի դեպ, նրա երկօրյա այցն ուղեկցվեց բողոքի ակցիայով. ադրբեջանցի մի խումբ վտարանդի ընդդիմադիրներ Բեռլինում նրա շարասյունը դիմավորեցին` «բռնապետ», «Պուտինի ստրուկ», «կաշառակեր» վանկարկումներով:
Ինչ վերաբերում է ռուսական նոր ջանքերին, հայ-ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություններն ու գործընթացները դեպի ռուսական հովանու տակ տեղափոխելը, կարելի է ենթադրել, որ այն եւս Մոսկվա-Բաքու համաձայնության շրջանակներում է կայացել: Ռուսաստանի դրոշը հանվեց Լաչինի ճանապարհից։ Ռուսական խաղաղապահ զորախումբը լքեց հայաթափված Արցախը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված ժամկետից մեկուկես տարի շուտ։ Ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից մի քանի օր անց Ալիեւն այցելեց Մոսկվա, եւ Պուտինի հետ դռնփակ բանակցությունների հաջորդ օրը վերադառնալով Բաքու՝ նա կրկին շեշտեց, որ Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ կապվելու համար, եւ որ այն պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Նույն օրը, երբ հանդիպում էին Պուտինն ու Ալիեւը, Ռուսաստանի ԱԳ նախարարը Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին նվիրված հատուկ նիստ էր անցկացրել եւ նույն՝ «եռակողմ համաձայնությունների ամբողջական իրականացման» անհրաժեշտությունն էր ընդգծել։ Սրան զուգահեռ Մոսկվան հայտարարեց, թե Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդներն էլ շուտով կարող են հանդիպել՝ երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանի հարցերը քննարկելու համար։
Ապրիլի 26-ին փակվեց 2021-ի սկզբից Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը։ Կենտրոնի գործունեությունը դադարելու կապակցությամբ պաշտոնական արարողություն անցկացվեց, որին մասնակցել էին կողմերի բարձրաստիճան զինվորականներ՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը, Թուրքիայի ցամաքային զորքերի շտաբի պետ Լեւենտ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, ինչպես նաեւ Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի օպերատիվ խմբավորման հրամանատարը, ՌԴ-ի խաղաղապահ զորակազմի հրամանատարը եւ Ադրբեջանում Թուրքիայի եւ Ռուսաստանի դեսպանները։
Ռուս գեներալ Սերգեյ Իստրակովը, ըստ «Ազատության», նշել է. «Բոլոր այս տարիներին կենտրոնը հաջող փոխգործակցության եւ երեք երկրների զինվորականների համատեղ աշխատանքի հաջող օրինակ է հանդիսացել՝ հանուն ամուր խաղաղության ադրբեջանական հողում»։ Նրա խոսքերով՝ կենտրոնի գործունեությունը թույլ տվեց վաղաժամ ավարտել խաղաղապահ գործողությունը եւ սկսել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դուրս բերումը «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանի տարածքից»։ Գեներալ Իստրակովն անդրադարձել է նաեւ 3 երկրների հարաբերություններին, ասելով, թե ռուս-ադրբեջանա-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամական եւ բարիդրացիական ոգով՝ Բաքուն, Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ կոորդինացում են ջանքերը լուծելու տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի կարեւոր հարցերը. «Ռուսաստանի պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինվորականներին իրենց զինվորական պարտքը պատվով կատարելու համար՝ հանուն ամբողջ Հարավային Կովկասի խաղաղության եւ հանդարտության»: Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը համոզմունք է հայտնել, որ երեք երկրների միջպետական կապերը հետագայում եւս հաջողությամբ կզարգանան։
Թուրքիայի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Լեւենտ Էրգյունը նկատել է, որ մոնիթորինգային համատեղ կենտրոնի անդամներն այս ընթացքում գործել են բարդ պայմաններում, պահպանել բարի կամքի եւ փոխադարձ հարգանքի սկզբունքները, առանց խնդիրների շարունակել են վերահսկել հրադադարը՝ մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումը։
Իսկ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը իր ելույթում անդրադարձել է 2020 եւ 2023թթ. պատերազմներին։ Անցած տարի սեպտեմբերին Արցախի վրա հարձակման մասին, նա ասել է, թե Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողությունն ամբողջովին հաստատելու նպատակով «հակաահաբեկչական միջոցառման արդյունքում Հայաստանի զինված ուժերը եւ հայկական անօրինական զինված կազմավորումները» ամբողջովին դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից, ուստի համատեղ մոնիթորինգային կենտրոնի խնդիրները համարվում են կատարված։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ «սկսվել է Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում ժամանակավոր տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ամբողջովին դուրս բերելու գործընթացը»։ Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի փակման պաշտոնական արարողությունը եզրափակվել է Ադրբեջանի զինվորական նվագախմբի ու երգ ու պարի համույթի համերգով:
Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան, ԼՂ-ն լքելուց մեկ շաբաթ առաջ Երեւանից բացատրություն էր պահանջում` Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական համաձայնությունների լուրերի կապակցությամբ: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք, հերքումներ է ակնկալում ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ ռազմաքաղաքական համաձայնությունների մասին «մամուլում տեղ գտած լուրերի» կապակցությամբ (խոսքը` ադրբեջանական իշխանական մամուլի ծավալուն հրապարակումների մասին է, որոնք, փաստորեն պաշտոնական Մոսկվան հիմք էր ընդունել, որպեսզի Երեւանից բացատրություններ պահանջի)։ «Նախկինում Երեւանը հրապարակավ հավաստիացրել է, որ արեւմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Համադրելով այդ փաստերը, մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքը ի հայտ եկած տեղեկատվության վերաբերյալ, իսկ իդեալական տարբերակով՝ դրա հերքումը», – ասել էր Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումները, թե իբր ռազմաքաղաքական ոլորտում համաձայնություններ են ձեռք բերվել։
Միաժամանակ, Զախարովան նշել էր, թե Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչներն իսկապես Երեւանին պլաններ են պարտադրել, որոնք ենթադրում են ռուսական ռազմակայանի եւ սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մասնագետներով, Հայաստանի սահմաններին՝ «Ադրբեջանի եւ Իրանի դեմ Արեւմուտքի դիվերսիոն աշխատանքի» ընդլայնում, ինչպես նաեւ Հայաստանի ծայրաստիճան կարեւոր ենթակառուցվածքների եւ էներգահամակարգերի վերակողմնորոշում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ինչպիսի գեղեցիկ խոսքեր էլ նրանք ասեն, թե հոգ են տանում Հարավային Կովկասի խաղաղության համար, Հայաստանին միայն գործիքի դեր է վերապահված, որի օգնությամբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են նոր մեծ հրդեհ բորբոքել։ «Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ողջ կապերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում, խարխլել ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներն ու տնտեսական գործընկերությունը», – ասել էր Զախարովան։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը հերքեց տեղեկությունները, թե իբր բրյուսելյան հանդիպմանը հայտարարություններից բացի, նաեւ փաստաթղթեր են ստորագրվել։ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ ապրիլի 5-ին Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. «Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է»։ ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել էր, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել։
Վաշինգտոնն էլ իր հերթին Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու խոսակցությունները «մաքուր ապատեղեկատվություն» էր անվանել: Ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցության մասին «փաստաթղթի» լուսանկար էին հրապարակել: ԱՄՆ պետքարտուղարությունը, ապրիլի 19-ին ի պատասխան Ադրբեջանի Azertac պետական լրատվական գործակալության հարցման, հայտարարել էր, որ Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպումից լրատվամիջոցներում տարածված թղթի լուսանկարն ապատեղեկատվություն է։ Պաշտոնական Վաշինգտոնը շեշտել էր, որ օրակարգում անվտանգային հարցեր չեն եղել։ «Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մամուլի հաղորդագրության վրա, որը մենք ընդունել ենք ԵՄ-ի եւ Հայաստանի հետ համատեղ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։ Բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրամիության եւ Հայաստանի հետ համատեղ, կենտրոնացել է միայն Հայաստանի տնտեսական կայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առեւտրային գործընկերությունը եւ բավարարել իր մարդասիրական կարիքները, այդ թվում՝ աջակցելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը», – ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության պատասխանն էր մեջբերել նույն Azertac-ը։
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2024