ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ մայիսի 5-ին Երևանի ակումբներից մեկում առերևույթ խմբակային խուլիգանության և ինքնիրավչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024թ․ մայիսի 5-ին Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Մ․Բ․-ն և նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբի կազմում խուլիգանությունը) և 460-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ժ․Ոսկանյանը ճանաչվել է տուժող։
Կարդացեք նաև
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե