«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ խորհրդի անդամ Արտակ Բշտիկյանը:
–Վերջերս ստեղծված «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկումը ՀՀ արտաքին քաղաքականության այլընտրանքային ռազմավարությանն էր նվիրված։ Փորձառու դիվանագետների գնահատմամբ, առաջնային է արտաքին նոր քաղաքականության որդեգրումն, որն այլընտրանք կհանդիսանա այսօրվա վարվող քաղաքականությանը։ Սակայն, օրվա իշխանությունն անդադար կրկնում է, թե վարվող քաղաքականության այլընտրանքը պատերազմն է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Այն կեղծ պնդումը, թե վարչախմբի պարտվողական և արկածախնդիր, հակապետական և ապազգային քաղաքականության այլընտրանքը պատերազմն է՝ լկտի և չհիմնավորված սուտ է։ Սուտ է, ինչպես որ սուտ և կեղծ են իրենց գրեթե բոլոր մանիպուլյատիվ մեկնաբանություններն ու պատճառաբանությունները։ Ավելին, ներկա պայմաններում պատերազմ կլինի միայն այն դեպքում, եթե վարչախմբի պարագլուխը դրա մասին խնդրի իր «կիրթ ու կառուցողական» շեֆից՝ Ալիևից։
Սեփական ժողովրդին անդադար պատերազմով վախեցնելու ողորմելի խոսույթը կարծես այլևս չի աշխատում հանրության մեծամասնության մոտ և կորցնում է իր ազդեցությունը։
Կարդացեք նաև
Օրվա իշխանության առաջ բերած՝ շարունակական զիջումների վրա կառուցված «խաղաղության» օրակարգը, բացարձակապես անիրատեսական ու անպատվաբեր է ընկալվում ժողովրդի կողմից։ Այլևս սթափված հասարակությունը շատ լավ գիտակցում և պարզ տեսնում է, որ այդ ճանապարհն ընդամենը ադրբեջանա-թուրքական օրակարգ է, որն իրականացվում է թշնամական տանդեմի սպասարկու իշխանությունների կողմից։ Այս կործանարար ընթացքը կասեցնելու համար ոտքի ելած ժողովուրդը մերժում է Հայրենիքին պարտադրվող անարժանապատիվ քաղաքականությունն ու այն իրականացնողներին։
-Իրականում տեսնու՞մ եք ժողովրդի բուռն արձագանքը։
-Սրա վառ ապացույցն է օրերս մեկնարկած և ավելի մեծ թափ հավաքող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Հայ ժողովուրդը մերժում է այն ստոր պնդումները, թե այս համաժողովրդական համակրանքը վայելող , ճշմարտության և արդարության համար շարժումը երկիրը տանելու է պատերազմի։ Բնավ։ Ե՛վ շարժման ղեկավարները, և՛ ողջ հայ ժողովուրդը բազմիցս բարձրաձայնել են, որ բոլորս ենք ցանկանում խաղաղություն։Սակայն որպեսզի այդ խաղաղությունն ընդունելի, կայուն և երկարաժամկետ լինի,այն պետք է լինի արժանապատիվ, համապարփակ, և չի կարող հաստատվել հայ ժողովրդի ազգային-պետական շահերի զիջմամբ, անտեսմամբ ու նսեմացմամբ։ Խաղաղություն ուզում ենք բոլորս, սակայն դա չի կարող նշանակել ինքնաոչնչացում։
-Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, դրա առաջնորդ Բագրատ Սրբազանի և այդ շարժմանը Հայ Առաքելական Եկեղեցու ակտիվ մասնակցության մասին, վերջին օրերին տարբեր հարթակներում հայտնվել է մի նոր խոսույթ, թե իբր այս շարժումը կրոնական թշնամանք կարող է հրահրել։ Ի՞նչ կասեք սրա մասին։
–Ձեր կողմից հիշատակված այդ խոսույթը կրկին գալիս է վարչախմբի ու դրա շուրջը ծվարած վայրահաչողների նեղ և մարգինալ թիմիկներից։ Միևնույն ժամանակ, պատահական չէ, որ նրանք գրեթե նույնությամբ կրկնում են այն բարբաջանքը, որն օրեր առաջ ասաց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը՝ պնդելով, թե Հայոց Եկեղեցին ռևանշիզմի քարոզ է անում։ Սա ևս մեկ ապացույց է մեր ներքին ու արտաքին թշնամիների սինխրոնիզացված աշխատանքի:
Այս ցնորամտությունները վստահաբար նույնպես անհետևանք են մնալու։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որևէ կերպ հնարավոր չէ դիտարկել որպես կրոնական շարժում՝ առավել ևս կրոնական թշնամանք հրահրելու միջոց։ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս ղեկավարների ուղերձներում որևէ կրոնական բաղադրիչ չկա, իսկ ինչ վերաբերում է հոգևոր լիցքին, ապա այն հայ ժողովրդի ինքնության անքակտելի մասն է։
Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարության մասին տարաբնույթ «խոսիչների» վնգստոցներն էլ անարժեք և խղճուկ ջղաձգումներ են։
1700 տարուց ավելի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ապացուցել է և՛ իր բացառիկ համազգային դերն ու նշանակություն, և՛ արտաքին աշխարհում իր բարձր հեղինակությունն ու կշիռը։ Բազմադարյա ներկայությամբ Հայոց Եկեղեցին մշտապես խաղաղ գոյակցել, համագործակցել և սերտ շփումներ է ունեցել բոլոր կրոնների հետ։ Տարածաշրջանի, գրեթե ամբողջական իսլամական միջավայրում, այդ թվում՝ նաև Թուրքիայում, Հայ Առաքելական Եկեղեցին որպես հայ համայնքների ներկայացուցիչ, բացառիկ հեղինակություն է վայելում և ծիծաղելի են այն դատողությունները, թե մեր եկեղեցին կամ դրա սպասավորները կարող են կրոնական թշնամանք հրահրել։ Առավել ևս, որ հայ ժողովուրդն ինքն իր հանդուրժողականությամբ և համակեցության բացառիկ ունակություններով ու տեսակով, երբևէ թույլ չի տա նման դրսևորումներ։