ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մայիսի 6-ին ասաց, որ սպասվող իրադարձություններն իրենց բնույթով շատ ավելի կարեւոր են լինելու, քան նախորդող իրադարձությունները։
Նա ողջունեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Տավուշում սկսված պայքարը Երեւան տեղափոխելու որոշումը։
«Սրբազանն արդեն հայտարարել է, որ մայիսի 8-ի երեկոյան Աբովյան քաղաքում լինելու է հանդիպում երիտասարդության հետ։ Եվ դրան զուգահեռ մեկնարկել է նաեւ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նախաձեռնած «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որով նա կոչ է արել շիրակցիներին միանալ իր հոգեւոր եղբորը՝ Բագրատ սրբազանին։
Ակնհայտ է, որ բոլորս քաղաքական տարբեր գործընթացների մասնակիցներ ենք եղել, նախաձեռնություններ ենք հանդես բերել ու դա չի ստացվել։
Կարդացեք նաև
Ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Բագրատ սրբազանին եւ ընդունում նրա առաջնորդությունը առանց վերապահումների։ Եվ սա այն դեպքն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է միայն մասնակից լինենք։ Ես այս ընթացքում սեփական նախաձեռնություն չեմ անելու։ Միայն սպասելու եմ սրբազանի հորդորներին, կոչերին, հանձնարարություններին»,-ասաց պարոն Ղազարյանը ու նույն պահանջը ներկայացրեց բոլոր քաղաքական, հասարակական ուժերին, հանրային գործիչներին, անհատներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ