Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա սարսափելի է, Շվեդիայի եկեղեցին աղոթում է ձեզ համար». Շվեդիայից ժամանած Միքայել սրբազանի ապրումները՝ Մասիսում արցախահայերի հետ հանդիպմանը

Մայիս 07,2024 00:37

Հայաստան է ժամանել Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը, որը շվեդ Եկեղեցում աչքի է ընկնում իր հայամետ դիրքորոշմամբ:

Նա Շվեդիայում մշտապես հրապարակային խոսում է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների մասին և դատապարտում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը։

Այսօր Միքայել Մոգրենը հանդիպում ունեցավ Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ: Սրբազանը նրան ուղեկցեց Մասիսի թիվ 4 մանկապարտեզ, որտեղ ժամանակավոր բնակեցված է Արցախից բռնի տեղահանված 17 ընտանիք՝ 44 անձ:

Արցախցիները ներկայացրեցին իրենց խնդիրները, թե ինչպես են մի քանի ընտանիքով մի սենյակում մնացել, ինչ ապրումներ են ունեցել տեղահանվելիս եւ այլն:

Հյուրը հետաքրքրվում էր, թե ինչպես են սնվում, ինչպե՞ս են ապրում, քնում, լվացք անում այդ տարածքում, ինչպե՞ս են հոգում իրենց կենցաղային կարիքները:

Ամեն արցախցու պատմությունը լսելով՝ եպիսկոպոսը ձեռքը դնում էր սրտին ու վշտակցում:

Արցախցիների հետ հանդիպումից հետո Միքայել Մոգրենին խնդրեցինք կիսվել իր տպավորություններով: Սրբազանը պատասխանեց. «Նրանք փախստականներ են, որոնք փախել են իրենց տներից: Սարսափելի է փախչել քո տնից: Սա նրանց համար բոլորովին նոր իրավիճակ է, դա ցնցում է, ստիպված են նոր կյանք սկսել: Սա աղետ է ու նրանք բոլորը այդ աղետի մեջ են: Խորապես ցավում եմ նրանց համար»:

Հարցրեցինք՝ ինչպե՞ս կարող է ձեր աջակցությունը ազդել քաղաքական որոշումների վրա՝ նա պատասխանեց. «Ես կարող եմ իմ երկրում փորձել համոզել քաղաքական գործիչներին բողոքել Ադրբեջանի և այս իրավիճակի դեմ: Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, բայց կարող եմ փորձել փոխել կարծիքը կամ ձեւավորել տեսակետ: Ես ենթարկվում եմ Շվեդիայի եկեղեցուն, ուստի առաջարկելու եմ փորձել ընդգծել փախստականների և Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց խնդիրը, իրավիճակը և նրանց հետ կատարվածը, Շվեդիայի ժողովրդին փորձելու ենք իրազեկել այս իրավիճակի մասին: Ես եւ իմ եկեղեցին մտահոգված ենք այս հարցով, փորձենք հասնել նրան, որ քաղաքական գործիչները նույնպես մտահոգվեն եւ դատապարտեն կատարվածը»:

Ըստ շվեդ սրբազանի, Արցախից բռնի տեղահանվածները զգում են իրենց այնպես, ինչպես կզգար ցանկացածը, այդ թվում՝ ինքը, եթե իրեն էլ քշեին իր երկրից: Նրա խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը, հաջորդ անգամ գուցե իր երկիրը սահմանային ճգնաժամ ունենա. «Դրա համար ուզում եմ Ղարաբաղի հայերին ասել, որ Շվեդիայի եկեղեցին աղոթում է ձեզ համար, որովհետեւ սա սարսափելի է»:

 

 

Այնուհետեւ Շվեդիայի եկեղեցու պատվիրակության անդամները Գեւորգ սրբազանի ուղեկցությամբ հանդիպեցին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի հետ:

Նա, ողջունելով հայասեր հյուրերին՝ ասաց. «Դուք Հայաստան եք եկել մեզ համար շատ ծանր ժամանակահատվածում եւ որպես քրիստոնյա հոգեւորական՝ ձեր օրհնությունը բերեք մեզ համար, ձեր հավատքն ու աղոթքները բերեք մեր երկրին»:

Պարոն Համբարձումյանն ասաց, որ այս պահին Մասիս համայնքում 8600 արցախահայեր են բնակվում, մինչ այդ այստեղ եկել է 17 հազար արցախցի. «Երբ որ մեր հայրենակիցների բռնի տեղահանումը սկսեց, մենք ունեինք 24-ժամյա շտաբ: Որեւէ արցախցի որեւէ օր դրսում չի գիշերել: Բարդ ժամանակաշրջան էր ու այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են մեր հայրենակիցների կարգավիճակով, շատ ոգեւորիչ է, դրա համար շատ շնորհակալ եմ»:

Միքայել սրբազանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գումար գտնում արցախցիների խնդիրները լուծելու համար՝ համայնքապետը պատասխանեց, որ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ են համագործակցում, իսկ մինչ այդ, երբ արցախցիներին ծածկով ապահովելու սուր խնդիր կար, ընտանիքներով, ընկերներով ու հարազատներով են փորձել խնդիրներին լուծում տալ՝ համայնքում գործող գործարարների աջակցությամբ եւ եկեղեցու անմիջական մասնակցությամբ. «Սրբազան հայրը այդ աշխատանքներում ներգրավված է եղել, նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեծ օգնություն ցուցաբերել արցախահայերին: Մինչեւ հիմա մշակութային, սոցիալական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի մեղմացնենք նրանց իրավիճակը: Ուզում ենք այնպես անենք, որ արցախցին իրեն տանը զգա»:

Հանդիպումից հետո համայնքապետը Միքայել սրբազանին նվիրեց հայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի դիմապատկերով հուշամեդալ, ինչպես նաեւ համայնքի դպրոցականներից մեկի ձեռքի աշխատանքը՝ Գրիգոր Նարեկացու սրբապատկերը:

 

Միքայել սրբազանը նույնպես խորհրդանշական նվեր հանձնեց՝ սրբապատկեր եւ մոմ՝ լուսավորելու խավարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031