Քաղաքականությո՞ւն է արդյոք, երբ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Նարեկացու «Հավուն հավուն» տաղը կատարելուց առաջ ասում է, որ պատմական Հայաստանը, մեր մշակութային, հոգեւոր արժեքները նրա համար խիստ կարեւոր են, եւ նա չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու ու ստեղծագործելու առանց այդ արժեքների:
Մի կողմից, կարծում եմ, պարզ է, որ ջութակահարը կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից՝ չնայած բացառված չէ, որ իշխանական քարոզիչները հրապարակեն նրա նկարը, ենթադրենք, Սերժ Սարգսյանի հետ եւ այդտեղից եզրակացնեն, որ նա «5-րդ շարասյուն» է: Բայց ցանկացած ուղեղը չլվացած մարդու համար, կարծում եմ, հասկանալի է, որ այդ իմաստով քաղաքականությունը երաժիշտին չի հետաքրքրում:
Սակայն, մյուս կողմից, ես վստահ եմ, որ երբ խոսքը գնում է ազգային ինքնության եւ արժանապատվության մասին, ցանկացած հայ՝ հոգեւորական, թե աշխարհական, երաժիշտ, թե փականագործ, պիտի իր խոսքն ասի:
Ինչո՞ւ են իշխանավորները վտանգ տեսնում այդպիսի խոսակցությունների մեջ: Որովհետեւ նրանք գիտեն, որ հայոց պատմությանը, մշակույթին, Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող ցանկացած թեմա կարող է դուր չգալ Ադրբեջանին եւ Թուրքիային: Հայտնի է, օրինակ, որ Ալիեւը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ մեր պետական խորհրդանիշները: Իսկ Փաշինյանը մտադիր է անել այն, ինչ իրենից պահանջում է Ադրբեջանի նախագահը:
Կարդացեք նաև
Դրա համար, ի դեպ, անիմաստ է Փաշինյանին հարցեր տալ, օրինակ, թե ե՞րբ եւ ինչպե՞ս է փոխվելու ՀՀ Սահմանադրությունը, ի՞նչ գրաֆիկով են հանձնվելու նոր տարածքները, ի՞նչ «ռեպարացիաներ» է պահանջելու մեր պետությունից թշնամին: Հայաստանի վարչապետն այս հարցերում «սկզբնաղբյուր» չի: Այդ հարցերը պետք է տալ Ալիեւին:
Հայաստանի իշխանությունների այդ քաղաքականությանը խանգարում է ցանկացած հայ, որը խոսում է ազգային արժանապատվության մասին, եթե անգամ որեւէ ակնարկ չի անում իշխանափոխության վերաբերյալ:
…Գրիգոր Նարեկացին նույնպես «կղերական» էր: Գուցե նրա՞ն էլ արգելենք: Մանավանդ, որ Նարեկավանքը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խրիմեան Հայրիկ-ն ալ, կղերական էր: