Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է զայրույթը մեծացնում սրտի կաթվածի վտանգը

Մայիս 07,2024 09:30

Հայտնի է, որ այնպիսի հույզերը, ինչպիսիք են զայրույթը, տագնապն ու տխրությունը, բացասաբար են ազդում սրտի առողջության վրա, իսկ նոր հետազոտությունը մեկնաբանում է, թե ինչպես է մասնավորապես զայրույթն անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա։

Այդ հետազոտությունը հրապարակվել է օրեր առաջ՝ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ամսագրում։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ զայրույթի կարճատև դրվագները կարող են խոչընդոտել արյունատար անոթների կանոնավոր լայնացմանը, ինչն անհրաժեշտ է արյան նորմալ հոսքի համար, իսկ դա կարող է հանգեցնել աթերոսկլերոզի զարգացման՝ մեծացնելով սրտի հիվանդությունների ու կաթվածի վտանգը։

Հետազոտության շրջանակներում գիտնականները պատահականության սկզբունքով 280 մեծահասակների խնդրել են 8 րոպեի ընթացքում կատարել 4 հուզական առաջադրանքներից մեկը՝ հիշել անձնական մի դեպք, որի պատճառով նրանք զայրույթ են ունեցել, հիշել որևէ դեպք, որը տագնապ է առաջացրել, կարդալ մի շարք դեպրեսիվ նախադասություններ, որոնք տխրություն են հարուցում համ մի քանի անգամ հաշվել մինչև 100-ը՝ չեզոք վիճակ ստեղծելու համար։

Այնուհետև, հետազոտելով մասնակիցների արյունատար անոթների վիճակը, հետազոտողները հայտնաբերել են, որ հուզական այն առաջադրանքը, որը զայրույթ է հարուցել մասնակիցների շրջանում, առաջադրանքից հետո 40 րոպեի ընթացքում հանգեցրել է արյունատար անոթների լայնացման խանգարումների։ Տագնապ ու տխրություն առաջացնող առաջադրանքները նշանակալի ազդեցություն չեն ունեցել արյունատար անոթների պատերի վրա։

Ինչպես նշել են հետազոտողները․ «Զայրույթի ու արյունատար անոթների դիսֆունկցիայի միջև հիմնական կապերի ուսումնասիրությունը կարող է նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների մեծ ռիսկ ունեցող մարդկանց համար ավելի արդյունավետ միջամտություններ մշակելու հարցում»։

Ինչ վերաբերում է զայրույթի կառավարմանն ու հաղթահարմանը, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը խորհուրդ է տալիս  կատարել հետևյալ մտային վերլուծությունը, երբ զայրույթն անխուսափելի է թվում․ 

  • Ընդունել, որ կյանքն ի սկզբանե անարդար է, և դա այդպես է եղել միշտ։
  • Խուսափել «պետք է» և «պարտադիր է» արտահայտություններից՝ դրանք փոխարինելով «լավ կլիներ», «հաճելի կլիներ» արտահայտություններով։
  • Մարդիկ միշտ չէ, որ տեղյակ են ձեր սպասումներից, և իրենք էլ ունեն իրենց սպասումները։
  • Մարդն ունի իր ընտրության և պահանջմունքի իրավունքը և իրեն հատուկ վարքագիծը, սակայն չի նշանակում, որ եթե այն ձերից տարբեր է, ուրեմն վատ է։
  • Եթե այդպես վարվեց, չի նշանակում, որ ինքը վատն է և բանի պետք չէ, գուցե և տհաճ էր կատարվածը և անհանգստացնող, բայց ոչ սարսափելի, չէ՞ որ այդ մարդը երբևէ լավ բաներ էլ է արել։
  • Այն, ինչը քո ուզածով չէ, տարբեր է, չի նշանակում, որ վատ է։
  • Եվ արդյո՞ք այն, ինչը ձեր ուզածով չեղավ, այդքան վատ է կամ իսկապես սարսափելի և անտանելի։
  • Արդյո՞ք իրականում չես կարող տանել այն, ինչը պատահեց։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031