Ոստիկանությունից ստացվել է հաղորդում նման դեպքի մասին։ Այս պահին քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն են ուսումնասիրվում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի մեկնաբան, լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքին:
«Միքայել Բադալյանը որեւէ տեսակի բռնություն չի գործադրել, այս ամեն ինչը զրպարտություն, թե ինչ նպատակ է հետապնդում, այդ հարցին կարող է պատասխանել Ժիրայր Ոսկանյանը, բայց որեւէ բռնություն չի եղել, որեւէ հարձակում չի եղել, Միքայելի կողմից այլ որեւէ անօրինական գործողություն չի ցուցաբերվել»,- վստահեցնում է Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Մեր հարցին՝ իսկ Դանիելյանի ընկերների՞ կողմից, փաստաբանը պատասխանեց. «Բացարձակ, ոչ մի քայլ Բադալյանի կողմից, ոչ էլ այլ անձանց կողմից նրա նկատմամբ որեւէ անօրինական գործողություն չի կատարվել»:
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերում է լրագրողի հեռախոսը գողանալուն, նրան միջնամատ ցույց տալուն կամ հայհոյանքներին, պարոն Ալեքսանյանն ասաց. «Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, նման բաների մասին Ժիրայր Ոսկանյանն է հայտարարել, այդ անձի ասածի հավաստիության կանխավարկածով առաջնորդվելն ուղղակի անիմաստ է, եթե նրա մյուս ասածները եւս իրականությանը չեն համապատասխանում, տրամաբանությունը հուշում է, որ դրան նախորդած, հաջորդած տեղեկությունները եւս իրականությանը չեն կարող համապատասխանել»:
Փաստաբանը նաեւ հավելեց, որ այս պահին ավելին չի կարող հայտնել, քրեական վարույթը կլինի, իրենք ցուցմունք կտան, իրենց դիրքորոշումը կհայտնեն:
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի փաստաբանական խումբը քննչական գործողություններ իրականացնելու լիազորություն ունի, որ հերքում հրապարակի, կան տեսախցիկներ, ինձ մոտ արդեն կան ձայնագրություններ»,- ասաց լրագրողը:
Անդրադառնալով միջադեպի պատճառներին եւ առիթին՝ Ոսկանյանը նկատեց, որ հաշվի առնելով նրանց վանկարկումները իր հասցեին, վստահ կարող է ասել, որ տեղի ունեցածը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:
Իսկ իր նկատմամբ բռնությունը, ըստ Ոսկանյանի, եղել է Բադալյանի ընկերների կողմից, նրանք են իրեն կոնկրետ հարվածել ինչպես նաեւ իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Ըստ Ոսկանյանի՝ բլոգերը պարզապես մասնակից է եղել այդ ամենին: Հետո, ըստ լրագրողին հասած տեղեկությունների, Բադալյանն ու ընկերները դուրս են եկել բարից տվյալ հաստատության ետնամուտքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` Ժիրայր Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից