ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի դատական առաջին նիստում պատասխանող Էդգար Ղազարյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Դավիթ Սարգսյանին։ Նա նշեց, որ վերջինն իր կարծիքով առնվազն այս գործով չի կարող հանդես գալ որպես անաչառ դատավոր։ Եվ դա պայմանավորված է ինչպես հայցվորի, այնպես էլ նրա շահերը ներկայացնող իրավաբանական ընկերության իրական շահառուների’ սեփականատերերի, հետ ունեցած քաղաքական, անձնական եւ սոցիալական կապերի եւ փոխհարաբերությունների հանգամանքով։
Այնուհետեւ, Էդգար Ղազարյանը ներկայացրեց դատավոր Դավիթ Սարգսյանին` բացարկ հայտնելու հիմքերի փաստական քաղաքական, սոցիալական եւ անձնական, ինչպես նաեւ իրավական ծանրակշիռ հիմնավորումներ։
«Դատավոր Դավիթ Սարգսյանը քաղաքականապես կաշկանդված է իր նախկինում զբաղեցրած, այդ թվում դատավորի պաշտոնին նախորդող պաշտոններում իր եղբոր` Տրդատ Սարգսյանի հետ ունեցած արյունակցական կապերով, նրա եւ հայցվորի` դատավորի եւ հայցվորի միջեւ անձնական, սոցիալական եւ քաղաքական կապերով եւ հարաբերություններով։
Կարդացեք նաև
2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո նրա նշանակումը դատավորի, ինչպես նաեւ դրան նախորդած պաշտոններում կասկածի տակ են դնում նրա` տվյալ վարույթի շրջանակներում արդարադատություն իրականացնելու անկաշկանդվածությունն ու կարողությունները։
Հայցվոր Ալեն Սիմոնյանը 8-րդ գումարման ԱԺ նախագահ է, 7-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, հանդիսանում է ՔՊ կուսակցության վարչության անդամ, որին անդամակցում է նաեւ դատավորի եղբայրը` Տրդատ Սարգսյանը։
Հայցվորի շահերը ներկայացնող «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն ՍՊ-ի 60 տոկոսի սեփականատերն է արդարադատության նախարար, ՔՊ կուսակցության անդամ Գրիգոր Մինասյանը, ով նախարարի տեղակալի ու դրանից հետո նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ զբաղեցրել է այդ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Հայցվորի շահերը ներկայացնող «Էյ Էմ» իրավաբանական ՍՊԸ- ի 40 տոկոսի սեփականատերն է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կինը, ով փոխարինել է Գրիգոր Մինասյանին ընկերության տնօրենի պաշտոնում։ Նրա ամուսինը մինչեւ ԲԴԽ նախագահ դառնալը զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Դատավոր Դավիթ Սարգսյանը հայցվորի քաղաքական իշխանության ժամանակահատվածում հանդիսացել է նույն քաղաքական թիմի անդամ, զբաղեցրել է քաղաքական եւ վարչական պաշտոններ, անձնական, սոցիալական կապերով կապված է հայցվորի հետ, հետեւաբար չի կարող լինել անաչառ եւ իրականացնել օբյեկտիվ դատաքննություն, կայացնել արդարադատության շահերից բխող որոշում,,,-եզրակացրեց Էդգար Ղազարյանը եւ դատավորի բացարկի միջնորդության գրավոր տարբերակները տրամադրեց դատարանին եւ հայցվոր կողմին։
Դատական նիստն այդքանով ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 8-ին ժամը 16:00-ին նույն դատարանում, նույն դահլիճում։
Նիստի ավարտից հետո Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ, «Էյ Էմ» իրավաբանական ընկերության փաստաբան Վարդան Հարությունյանը կտրուկ հրաժարվեց պատասխանել Aravot.am-ի հարցերին` պատճառաբանելով, որ հարցազրույց տալ չի ցանկանում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ