Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից

Մայիս 06,2024 23:13

Հակառուսականությունն իր արտաքին և իրականում նաև ներքին քաղաքականության հիմնաքար դարձնող Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, երկկողմ ձևաչափերի դեմ լայնածավալ հարձակումներով հանդերձ, գոնե մինչև այս պահը քար չի նետել ռուսական մեկ այլ մեգա-նախագծի՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ և պիոներական կարգապահությամբ շարունակում է как ни в чем не бывало մասնակցել այդ ֆորմատի աշխատանքներին և զերծ է մնում ԵԱՏՄ-ի հասցեին որևէ քննադատական խայթոցից:

Ո՞րն է Նիկոլի «սաղ մի կողմ, ԵԱՏՄ-ն՝ մի կողմ» մոտեցման իրական պատճառը: Գրում եմ՝ իրական, որովհետև նրա կողմից հնչեցրած փաստարկը, թե ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է և չունի քաղաքական ֆունկցիա, չի դիմանում ոչ մի քննադատության: Ցանկացած ոլորտային ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող հիմնավոր և համոզիչ կերպով կբացատրի ձեզ, որ նման մեգատնտեսական ֆորմատները միասնական և ընդհանուր շուկայով չեն կարող լինել զուտ տնտեսական, այն էլ՝ աշխարհում մոլեգնող գեոպոլիտիկ պայքարի ֆոնին: Նման իրավիճակում անհնար է զատել տնտեսական գործոնները քաղաքականներից:

Նույն Եվրոպական միության դեպքում «Միասնական Եվրոպա» գաղափարը սկզբից իրացվել է տնտեսական տիրույթում, իսկ հետո այդ հիմքի վրա՝ «քաղաքականացվել»: Այն, որ ԵԱՏՄ-ն տնտեսական փաթեթավորմամբ քաղաքական պրոյեկտ է, Tik-Tok-ում հասարակագիտական պրիմիտիվիզմ տարածող Նիկոլը լավ գիտի՝ անկախ նրանից, որ հերթական անհեթեթությունն է փորձում լցնել հայ ժողովրդի ականջների մեջ: Այսպես, օրինակ, ««ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում» Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների բլոկը ներառված է, ուշադրություն, «Արտաքին քաղաքականություն» բաժնում (էջ 32-33):

Իսկ բացատրել Փաշինյանի լոյալ վերաբերմունքը ԵԱՏՄ-ին կարելի է մի շարք հանգամանքներով:

  1. Եթե հենց այս պահին Նիկոլը ԵԱՏՄ-ի վրա հարձակվի այնպես, ինչպես հարձակվում է ՀԱՊԿ-ի վրա, ապա հաշվի առնելով Հայաստանի ֆինանսատնտեսական և էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից, դա հղի է լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներով, որոնք անխուսափելիորեն վատթարացնելու են յուրաքանչյուր քաղաքացու կյանքի պայմանները և առաջացնեն սուր սոցիալական ճգնաժամ: Սոցիալական վիճակի նման սրումը հղի է առանց այդ էլ նվազագույն վարկանիշի ճիրաններում խռխռացող Փաշինյանի վերջնական անկումով:
  2. Որքան էլ նա ճամարտակում է ԵՄ-ի հետ մաքսիմալ մերձենալու, անգամ թեկնածու երկիր դառնալու հայտի մասին, սա իրատեսական չէ ոչ միայն՝ քաղաքական, այլև՝ Հայաստանի ներկայիս ինստիտուցիոնալ, տնտեսական և օրենսդրական խնդիրներից ելնելով: Մինչև ԵՄ թեկնածու երկիր դառնալը նման դեպքերում Բրյուսելը տվյալ երկրի հետ նախապատրաստում և ստորագրում է ազատ առևտրի համաձայնագիր (DCFTA-Deep and Comprehensive Free Trade agreement), ինչի մասին Հայաստանի դեպքում ոչ միայն խոսակցություններ չկան, այլև Նիկոլի վարչակազմն անփառունակ տապալում է անգամ CEPA-ի իրագործումը: Եվ այս մասին, անկախ հրապարակավ հնչող կենացներից, ԵՄ-ում շատ լավ գիտեն: Ավելորդ չէ նաև հիշեցնել, որ Փաշինյանն այնքան խաղաց դրամի փոխարժեքի և տնտեսական վիճակագրության հետ, որ Հայաստանը 2 տարի է, զրկվել է ԵՄ-ի հետ արտոնյալ պայմաններով առևտրի՝ GSP+ ռեժիմից:
  3. Չեմ բացառում նաև, որ ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում: Քանի որ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցումներն անխուսափելի են, Նիկոլը ՌԴ-ի դեմ այլ դաշտերում սադրանքների դիմելով, հույս ունի, որ պաշտոնական Մոսկվայի նյարդերը տեղի կտան, և Ռուսաստանն ինքն առաջին հարվածները կհասցնի հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին: Այդ դեպքում Փաշինյանը շանս կունենա առաջացող սոցիալական լարվածության սլաքներն ուղղել հենց Մոսկվայի դեմ՝ էլ ավելի խորացնելով հակառուսական քարոզչությունը երկրում:

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ, 06.05.2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031