ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին
«Հարգարժա՛ն պարոն նախարար, հարգելի՛ Պետեր,
Շատ ուրախ եմ գտնվել այստեղ և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հրավերի համար։ Այս այցը հաջորդում է նախորդ աշնանը Ձեր՝ Երևան կատարած այցին և իսկապես արդյունքն է մեկ ու կես տարի առաջ միասին ձեռնարկած մի ճանապարհի: Ճանապարհ, որը կոչված էր հաղթահարել առկա մարտահրավերները, նորովի սկսել հայ-հունգարական հարաբերությունները. հարաբերություններ, որոնք հիմնված են պատմական ջերմ փոխադարձ համակրանքի վրա, հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։ Եվ իսկապես սրտանց ուրախ եմ արդեն տեսնել այս գործընթացի արդյունքները։ Մենք, ինչպես նշեցի, պայմանավորվել էինք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում։ Այսօր մենք խոսում ենք արդեն ռեզիդենտ դեսպանությունների մասին։
Մենք այսօր միասին ստորագրեցինք երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև տնտեսական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ. փաստաթուղթ, որը նախատեսում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծում։ Մենք վերջերս ունեցել ենք նաև տնտեսական ընդհանուր կոնֆերանս, որտեղ մեր բիզնես ներկայացուցիչները նաև հնարավորություն են ունեցել խոսելու հնարավոր նոր համագործակցության մասին։
Կարդացեք նաև
Իհարկե, չենք կարող չկարևորել մարդկանց փոխայցելությունները և մարդկանց միջև ուղղակի շփումները, և այս առումով, իհարկե, կիսում եմ Ձեր կողմից հաղորդված կարևորությունը «WizzAir»–ի կողմից Երևանի և Բուդապեշտի միջև հաստատվող ուղիղ չվերթների մասին։ Ես վստահ եմ, որ այս չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից։
Իհարկե, մեր հարաբերություններում չափազանց կարևոր է նաև, և առհասարակ միջազգային հարաբերություններում, տնտեսական փոխգործակցությունը։ Եվ ես ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ տեղեկացնել և նորից հանրության հետ ևս մեկ անգամ խոսել Հայաստանի կողմից միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը հասկանալու և այդ միջազգային տնտեսական ծրագրերի մաս լինելու ցանկության մասին։ Ես ուզում եմ խոսել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության մասին։ Սա մի նախաձեռնություն է, որը նախատեսում է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և ոչ միայն տրանսպորտային հանգույցները, կապերը, ենթակառուցվածքները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ինչը հնարավոր կդարձնի դյուրացնել ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները և ծառայությունների փոխադրումներն Արևելքից Արևմուտք, այդ թվում՝ ՀՀ տարածքով: Նույն համատեքստում մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը ԵՄ անդամ երկրներ։ Կան այս մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են, կամ արդեն շուտով կլինեն իրականացման փուլում։ Եվ ահա Հայաստանն, իհարկե, ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին։
Նաև ուզում եմ ասել, որ կա մի երկրորդ գործոն, որը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար. դա խաղաղությունն է։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ օգտվել առիթից և վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմանը։ Մենք կառուցողաբար ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ, վերջ տալ երկարամյա հակամարտությանը։ Կան մի շարք սկզբունքներ՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ Ալմա-Աթայի՝ դեռևս 1991թ․ ստորագրված փաստաթղթի և դրանում արձանագրված, ամրագրված սկզբունքների հիման վրա։ Արդեն նշեցի, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և հուսամ մոտ առաջիկայում այստեղ ևս արդեն շատ կոնկրետ արդյունքներ կկարողանանք արձանագրել։
Անշուշտ, թվարկածս այս հարցերը բացի երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերի, մաս են կազմում նաև Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի։ Դուք գիտեք, վստահ եմ, որ մենք մի գործընթացի մեջ ենք, որի միջոցով էականորեն և նշանակալիորեն մոտեցնում է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը և Եվրոպական միությունը՝ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մեր օրակարգում, մեր երկկողմ սեղանին է այս պահին նախաձեռնությունների մի նոր փաթեթ, և մենք այստեղ մեծապես հույս կդնենք և կհենվենք ԵՄ խորհրդում նաև Հունգարիայի առաջիկա նախագահությանը: Վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև ձեր նախագահության ընթացքում։
Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ այս այցը, ինչպես նաև նախորդիվ Ձեր այցը Երևան, իրականում թույլ տվեց ևս մեկ շոշափելի քայլ առաջ կատարել մեր հարաբերությունների զարգացման գործում:»
Հարց․ Բարև ձեզ: Ես Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալությունից եմ, և իմ հարցն ուղղված է պարոն Միրզոյանին: Անցյալ տարիների ընթացքում բավականին երկար փոխանակումներ եղան առաջարկների մասով՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնագրի նախագծի տեսքով: Վերջերս Ձեր երկիրը խաղաղության համաձայնագրին առաջարկվող փոփոխությունների 9-րդ տարբերակն է ներկայացրել [ՀՀ ԱԳՆ պարզաբանում. ինչպես ապրիլի 26-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկությունները՝ 9-րդ խմբագրությունը, դրանք գտնվում են ՀՀ կողմից դիտարկման փուլում], և կարծես թե «պինգ-պոնգի դիվանագիտություն» լինի, երբ գնդակը փոխանցվում է մի դաշտից մյուս դաշտը: Իմ հարցը վերաբերում Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ Ալմա-Աթայում տեղի ունենալիք առաջիկա հանդիպմանը: Ինչքա՞ն հեռու կամ գուցե մոտիկ են երկու երկրներն ավարտելուն, և հնարավո՞ր է լինելու այս տարի վերջապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Եվ, եթե հնարավոր է, կարո՞ղ եք նշել, թե ո՞ր կետերն են, որ դեռևս արձանագրում են երկու երկրների միջև տարբերությունները: Շնորհակալություն:
Հարց. (ներկայացված հայաստանյան լրատվամիջոցներից) Որո՞նք են Ալմա-Աթայում առաջիկայում կայանալիք բանակցություններից ակնկալիքները:
Պատասխան․ Շնորհակալ եմ հարցերի համար: Ուզում եմ կրկին սկսել խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությունը վերահաստատելուց: Մենք, ինչպես նշեցի, անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և մենք վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումը նույնպես բխում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերից և երկու ժողովուրդների շահերից: Եվ ուզում եմ նաև զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով:
Դուք, ես որքան նկատեցի, մի փոքր գուցե կատակով, գուցե հեգնանքով «պինգ-պոնգ դիվանագիտություն» անվանեցիք մեր հանդիպումները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց այդ նույն «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների և հարցերի շուրջ: Եվ նաև գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ. մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և ըստ էության սկսել են սահմանազատման գործընթացը, համաձայնության եկել սկզբունքի շուրջ: Մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, օրինակ, և ամենակարևորը ես կնշեի այն, որ երկու երկրները վերահաստատում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և նաև սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Արդեն, ինչպես նշեցի, սա արտացոլված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում և պայմանավորվածություն կա արտացոլել սահմանազատման գործընթացի վերաբերող կանոնակարգի հիմքում և այլն:
Եվ ահա ես կարծում եմ և ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել այն մասին, որ մեզ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, ևս կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույնը՝ նույն հավատարմությունն ու նույն սկզբունքը, հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում, և ես կարող եմ ասել, որ դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը:
Անշուշտ, կան էլի հարցեր, օրինակ, քիչ առաջ ես խոսում էի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից, այստեղ ևս մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք, օրինակ, Հայաստանի շահագրգռվածությունը բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքներին համաձայն: Ահա այս հարցերի շուրջ, որտեղ կարծում եմ, որ մեզ կհաջողվի ուշ թե շուտ գալ համաձայնության, որովհետև արդեն երկրների ղեկավարների դեպքում, ինչպես նշեցի, և փոխվարչապետի դեպքում որոշակի ըմբռնում կա: Հիմա, եթե մեզ հաջողվի այս ամենը հստակորեն արձանագրել նաև խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք հասնում ենք տեղ երկարատև խաղաղության հաստատման առումով:
Բայց ես ուզում եմ օգտվել առիթից և նաև կրկին շնորհակալություն հայտնել հունգարական կողմին մի շարք հարցերի, օրինակ, հումանիտար հարցերի լուծման մեջ իրենց ներդրումն ունենալու համար: Մենք հիշում ենք՝ ինչպես հունգարական կողմի ջանքերով նաև գերությունից ազատվեցին հայ ռազմագերիներ և գիտենք, որ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման և հումանիտար հարցերի կարգավորման հարցում հունգարական կողմը շարունակում է իր ջանքերը, ինչպես նաև, Լեռնային Ղարաբաղից փախստականներին հումանիտար աջակցության, օրինակ, նաև երեխաների համար ճամբարների կազմակերպման գործում, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում:
ՀՀ ԱԳՆ