«Ա1+». «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը ստեղծվել է 2000 թվականին։ Արցախի տարեց մշակութային գործիչները միավորում է ցանկությունը՝ պահպանել, պաշտպանել և քարոզել արցախյան մշակույթը՝ ժառանգելով այն գալիք սերունդներին։
«Գնալով համույթը համալրվում էր երիտասարդ կադրերով և շուտով վերանվանվեց «Մենք ենք մեր սարերը» երգի ազգագրական, ապա՝ երգի-պարի պետական համույթի, համալրվեց երիտասարդ կատարողներով։ Երգացանկում հիմնականում ընդգրկված էին արցախյան բարբառով ազգագրական և հայրենասիրական երգեր, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ ազգագրություններ՝ այդ թվում նաև Արևմտյան Հայաստանի։ Մի խոսքով՝ բոլոր այն ժանրերը, որոնք իրենց մեջ պարունակում են ազգայինը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է համույթի գեղարվեստանական ղեկավար Վիտալի Ղազարյանը։
«Ցավոք, բռնի տեղահանման հետևանքով 40-ից ավելի անդամ ունեցող համույթը ցրվեց, քանի որ նրա անդամները բնակություն հաստատեցին Հայաստանի տարբեր մարզերում։ Հաջողվեց հավաքել համույթի միայն մեկ երրորդ մասը, սակայն առանց աջակցության հնարավոր չէր առաջ շարժվել, շարունակել ստանձնած առաքելությունը։ Իսկ անելիքներն ու մարտահրավերներն ավելի շատ են»։
Չնայած տարածությանն ու ժամանակին՝ համույթի անդամները կարողանում են ժամանակ առ ժամանակ հավաքվել, փորձեր, համերգային ծրագրերում նոր երգեր ընդգրկելու քննարկումներ անել։ Մեծ ուշադրություն է դարձվում արցախյան բարբառն ու մշակույթը պահպանելու ուղղությամբ առաջարկները գործուն քայլերի վերածելուն։
Կարդացեք նաև
Վերջերս մարաթոն է կազմակերպվել՝ Արցախի բոլոր համույթներին ինչ-որ չափով համախմբելու, գործունեությունը Հայաստանում շարունակելու համար։ «Ցավոք, մարաթոնի արդյունքները գոհացուցիչ չէին։ Սակայն կազմակերպիչները հույսները չեն կտրում և շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել՝ նշված խնդրի ուղղությամբ լուծումներ գտնելու համար։ Որպես համույթի գեղարվեստական ղեկավար՝ խնդիր եմ դրել իմ առջև ամեն գնով պահպանել արցախյան բարբառով երգերը՝ անընդհատ համալրելով երգացանկը նոր երգերով։ Մեր ընտանիքում կինս և աղջիկս համույթի մաս են կազմում, և մեր վրա մեծ պարտավորություն ենք վերցնում մեր ինքնությունը, արցախյան վտանգված մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին կտակելու գործում՝ մի օր Արցախ հետ վերադարձի հավատով և սպասումով։ Այն քարոզը, որ անում էինք Արցախում՝ հիմա տասնապատիկ շատ ու ավելի եռանդով պիտի անենք, քանի որ թշնամին ինչպես միշտ ձգտնում է յուրացնել ամեն հայկականը»։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: