Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բրենդավորել սեփական «Ես»-ից մինչեւ երկիրը

Մայիս 06,2024 17:40

Սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանը, որ 2023թ․-ից ԱՄՆ Նեւադայի համալսարանում հետազոտող գիտնական է, դասավանդում է նույն համալսարանում եւ իրականացնում իր դոկտորականը (PhD) Կրթության ֆակուլտետի «Մարդու զարգացում և ընտանիքի տեսություն» ծրագրի շրջանակներում, հրատարակել է իր երրորդ՝ «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը: Հրատարակիչը Newmag-ն է, որն էլ ներկայացրեց Լիլիթ Շաքարյանի երկար սպասված գիրքը։

«Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, նախ պետք է կարողանալ պատասխանել պարզ հարցին, թե ինչ է բրենդը, հետո միայն խանութներում փնտրել բրենդներ կամ համակերպվել այն մտքի հետ, որ բրենդային ապրանք ենք ձեռք բերել շատ ցածր գնով:

Ի թիվս այլնի, Գնել Նալբանդյանն անդրադարձավ գրքի այն հատվածին, որտեղ խոսվում է երկրների բրենդավորման մասին. «Ինչպես բրենդավորել երկիրը, որպեսզի այն լինի եւ միջազգայնորեն ճանաչելի, եւ դրական հատկանիշներով ներկայացվի, եւ զբոսաշրջիկների համար լինի ընկալելի եւ տեղացիների համար՝ հարմարավետ եւ բարեկեցիկ»: Նա նաեւ հիշեց, որ տարիներ առաջ Մյունխենում երիտասարդների մի խումբ էր մոտեցել եւ ծխախոտ խնդրել իրենից, եւ երբ հարցրել էին, թե որ երկրից է, պատասխանել էր՝ Արմենիա: Օտարերկրացիները հասկացել էին, որ Հայաստանի մասին է խոսքը եւ սուլել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից:

Անձի բրենդավորման մասին խոսելիս Գնել Նալբանդյանը նշեց, որ որպես անձի բրենդավորման բացառիկ օրինակ՝ Լիլիթ Շաքարյանի կողմից ընտրվել է ֆրանսահայ երգահան, Հայաստանի Ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի բրենդը. «Գիրքը կարդալով կտեսնեք, որ անձը նույնպես կարող է բրենդավորվել եւ իրենով ներկայացնել մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ երկիր եւ մի ամբողջ քաղաքակրթություն»:

Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշեց, որ իրենք սովորաբար չեն տպագրում դասագրքեր, եւ «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքն այդ առումով բացառություն է. «Մենք տպագրում ենք գրքեր, ու հուսով ենք, որ դրանք դասախոսները կերաշխավորեն ուսանողներին ֆակուլտատիվ կամ օժանդակ ընթերցանության համար: Լիլիթի գիրքը հենց այդ շարքին է պատկանում»:

Լիլիթ Շաքարյանն իր գրքում նկարագրում է՝ ինչպես ստեղծել կայուն ու հուսալի բրենդներ, որոնք հանդես կգան ոչ թե միայն որպես ցուցափեղկերի ձևավորում, այլեւ որպես բիզնեսի կառավարման շարժիչ ուժեր: Հեղինակն ապրանքային, կորպորատիվ եւ անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ՝ անդրադառնում է նաեւ երկրի բրենդի ստեղծմանը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման եւ այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից։

Գիրքը բաղկացած է երեք բաժիններից, որոնցում առանձին-առանձին վերլուծության են ենթարկվել անձի բրենդավորման յուրահատկությունները, կազմակերպական բրենդի, ինչպես նաեւ երկրի բրենդի ձևավորման ռազմավարությունները:

«Եթե ուզում եք ներկայանալ եւ ներկայացնել նոր տեսքով, անունով, իմիջով, կառավարել հանրային կարծիքն ու այն ծառայեցնել ձեր նպատակներին, ապա Լիլիթ Շաքարյանի այս գիրքը ձեզ շատ օգտակար կլինի: Հեղինակն այս ոլորտի հայաստանյան սակավաթիվ մասնագետներից է` ակտիվ ներգրավված եւ, դասավանդման, եւ պրակտիկ գործունեության տիրույթում՝ քաջատեղյակ հայաստանյան եւ միջազգային տեղեկատվական շուկաներին:

Իր կողմից պատրաստված գիրքն օգնում է ոչ միայն հասկանալ, ինչպես աշխատել սեփական հավաքական «Ես-ի» ձևավորման եւ առաջխաղացման գործում, այլեւ կոնկրետ քայլերով իրագործել ձեր երազանքը հաղորդակցական տիրույթներում եւ տեղեկատվական անսպառ շուկայում…

Գիրքը բոլորի համար է` հաղորդակցությունների մասնագետների, գործարարների, քաղաքականության և զանգվածային լրատվական ընկերությունների ներկայացուցիչների, ուսանողների, տեսաբանների և պրակտիկների: Հեղինակը նաև սովորեցնում է խոսել մասնագիտական լեզվով, բայց այն արհեստականորեն չի բարդացնում, ինչը գրքի առավելություններից է»,-գրքի մասին գրել է Լիլիթ Շաքարյանի գիտական ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031