ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը:
«Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային մրցաշարի կարոտ կա: Եզրափակիչը ֆանտաստիկ հետաքրքիր էր: Հատկապես ուրախալի էր, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն իր կարևոր ներդրումն ունեցավ «Պալմայի» չեմպիոնության հարցում, իսկ խաղից հետո հայկական եռագույնով դուրս եկավ խաղադաշտ»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Փոխնախարարը հիշեցնում է՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ շուրջ 280 մլն դրամ էր հատկացրել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Եվս 116 մլն դրամ էլ տրամադրվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով:
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի անցկացման նպատակով ձեռք է բերվել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նաև բարեկարգման աշխատանքներ են կատարվել. մասնավորապես՝ թարմացվել է լուսավորման համակարգը, նորոգվել են հանդերձարանները:
Կարդացեք նաև
Կարեն Գիլոյանի խոսքով՝ կատարված աշխատանքները կծառայեն նաև ապագա միջոցառումների համար:
«Հատկացված պետական միջոցների մեծ մասն ուղղվել է գույքի ձեռքբերմանը և ենթակառուցվածքների բարեկարգմանը: Աշխատանքներն արվում են Երևանն ու Հայաստանն աշխարհին ցույց տալու, մեր երկրի հանրահռչակման և ճանաչման համար: Անչափ կարևոր են նաև այս միջոցառումների միջոցով փոխանցված դրական հույզերը»,- փաստում է Կարեն Գիլոյանը:
Անդրադառնալով միջազգային գործընկերների արձագանքներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է` նրանք տպավորված են Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի անցկացմանը կազմակերպական մակարդակից. «Նրանք կարծում էին, թե տրիբունաները դատարկ են լինելու, բայց եզրափակիչ խաղին ավելի քան 5 հազար հանդիսական էր հետևում, ինչը բավականին լուրջ թիվ է այն դեպքում, երբ տվյալ երկրի ներկայացուցիչները հանդես չեն գալիս մրցաշարում: Վստահ եմ՝ եթե հայկական թիմ լիներ եզրափակչում, ազատ տեղեր չէինք ունենա: «Սպորտինգ» ակումբի ներկայացուցիչը և մյուսները ներողություն էին խնդրում, որ քննարկումների ժամանակ մտահոգություններ էին հնչեցրել Հայաստանում մրցաշարի կազմակերպման հետ կապված»:
Հիշեցնենք՝ Հայաստանում առաջին անգամ է անցկացվել որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը: Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչմանը:
Մինչ այդ էլ մրցաշարի երրորդ տեղի համար խաղում մրցել են պորտուգալական «Սպորտինգն» ու «Բենֆիկան»: Լարված ու դիտարժան խաղում «Բենֆիկան» 6:3 հաշվով հաղթանակ է տարել և արժանացել բրոնզե մեդալներին:
ԿԳՄՍՆ