Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ընդունում այն իշխանությանը, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է․ այդ լեզուն պետք է կտրես»․ տեր Հովհաննես

Մայիս 06,2024 17:09

«Արդարություն եւ հաղթանակ․ նաեւ՝ Արցախի համար։ Որ իմ ազգն ապրի արդար եւ խաղաղ»,- սա է պատկերացնում Դադիվանքի նախկին վանահայր տեր Հովհաննեսը՝ Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարի վերջնարդյունքը։ Նա ևս միացավ «Տավուշը հանուն հայրենիքի» պայքարին։

Նա նկատում է՝ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ, եկեղեցականները միշտ եղել են իրենց հոտի հետ՝ չպատասխանելով «քաղաքական հարցերի»։ Լրագրողները հետաքրքրվել էին՝ ինչպե՞ս է տեր Հովհաննեսը վերաբերվում իշխանական ճամբարից հնչող այն հայտարարություններին, որ եկեղեցականները քաղաքական գործընթացների մեջ են մտել։

«Այս երթն արդար է»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացյալ որոշումներն արդեն ժողովուրդը պետք է կայացնի։

«Թուրք ազերիներին չեք ճանաչում, իսկ ես լավ գիտեմ իրենց։ Իրենց ձեռագիրը գիտեմ։ Նրանք մեզ խաղաղություն պարգեւող չեն, լավ իմացեք եւ իրենք կքանդեն ամեն ինչ։ Իսկ ռուս խաղաղապահները որ լքեցին՝ չլքեցին․ մենք ասացինք, որ Արցախը՝ դա Ադրբեջան է եւ իրենք անելիք չունեին էլ այնտեղ։ Արցախը մենք պիտի պահեինք, հայ ժողովուրդը, ոչ թե ուրիշները»,- սա էլ տեր Հովհաննեսի պատասխանն էր Դադիվանքի ճակատագրի մասին հարցին եւ այն դիտարկմանը, որ ռուս խաղաղապահները լքեցին Արցախը՝ չկատարելով իրենց առաքելությունը՝ պահել Արցախը հայկական, ապահովել տեղի հայ բնակչության անվտանգությունը։

«Երեք պայման դրեցին․ առաջին պայմանը, որ պետք է ինտեգրվենք, բայց անհնար էր թուրքի լծի տակ ապրել։ Երկրորդը՝ պատերազմել, որը հնարավոր չէր, որովհետեւ Հայաստանը մեր երաշխավորը չէր։ Ասաց՝ ձեր երաշխավորն ենք, բայց մեր թիկունքում չկանգնեց․ բոլորդ էլ գիտեք։ Երրորդը՝ պիտի թողնենք՝ հեռանանք։ Ընտրեցինք երրորդ տարբերակը»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ չի ընդունում այն իշխանությանը, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է․ «Այդ լեզուն պետք է կտրես»։

Նա վստահ է, որ պատերազմելու հաղթելու հնարավորություն կար։

Մանրամասները՝ տեսանյութում

«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին միացել են նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, 44 օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ արցախյան առաջին պատերազմի մասնակից, երգահան Դավիթ Ամալյանը, երգիչ Արամոն։

Լուսանկարը՝ Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031