ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Տեղատարափ անձրևի հասցրած վնասների հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել են 87 դեպք պատահար, որից 3 դեպք՝ փլուզման, 4 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրի մեջ արգելափակման և 80 դեպք՝ բնակելի շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։ Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավվել է 35 մարտական հաշվարկ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից, մարզային փրկարարական վարչություններից։ Տեղում աշխատել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը և անձնակազմը։ Աշխատանքներին մասնակցել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության 4 միավոր և Երևանի քաղաքապետարանի 1 միավոր տեխնիկա։
Արդեն երրորդ օրն է մոտ 200 փրկարարական ծառայողներ աշխատանքներ են տանում հեղեղումների հետևանքները մեղմելու և բնակչությանն օգնելու ուղղությամբ։ Ինտենսիվ տեղումների պատճառով որոշ հասցեներում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։
Կարդացեք նաև
Նշենք, որ արձանագրված դեպքերում տուժածներ չկան։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն