«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցին Արագածոտնի մարզի Ուջանի երաժշտական դպրոց և դպրոցի սաների հետ հանդես եկան համերգով, որի ընթացքում ինչպես հիմնադրամի, այնպես էլ Ուջանի երաժշտական դպրոցի սաները փայլեցին իրենց տաղանդով և գեղեցիկ ելույթներով:
Այս տաղանդավոր պատանիների միջև ստեղծագործական փոխանակումը վկայում է նման շփումների արդյունքում ձեռք բերված անգնահատելի փորձի մասին: Այս երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տրվում կիսել դասական երաժշտության հանդեպ իրենց սերը, կատարելագործել երաժշտական հմտությունները, ձեռք բերել նոր հեռանկարներ և նոր ընկերական հարաբերություններ:
Սակայն, հանդիպման էությունը միայն երաժշտական չէր. այն նաև ընդգծում է նման նախաձեռնությունների նշանակությունը մեր երկրի մշակութային կյանքում: Համախմբելով նույն երազանքներով և ձգտումներով ապրող պատանի տաղանդավոր երաժիշտների տարբեր տարածաշրջաններից՝ մենք խթանում ենք Հայաստանի մարզերի հասակակից երեխաների շփումը, սերունդների միջև փոխադարձ կապն ու մշակույթի արժևորումը՝ միաժամանակ սերմանելով միասնության զգացում:
Այցին ներկա էին նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ովքեր եկել էին ոգևորելու հայ շնորհալի պատանիներին: Մշտապես լինելով հիմնադրամի ու երեխաների կողքին՝ նրանք իրենց աջակցությամբ նպաստում են նրանց լուսավոր և հաջողակ ապագայի կերտմանն ու երազանքների իրագործմանը:
Կարդացեք նաև
«Այսօր շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Ուջանի երաժշտական դպրոցի սաների համար: Մենք տեսանք, որ «Դասականը միավորում է» խորագիրը կրող այս միջոցառման ներքո իսկապես միավորվեցին պատանի սերնդի շատ տաղանդավոր երեխաներ, նվագեցին դասական երաժշտության գեղեցիկ ստեղծագործություններ, անցկացրեցին հետաքրքիր ձևաչափով խաղ-մրցույթ և շփվեցին շատ ջերմ և ընկերական մթնոլորտում: Հիմնադրամի երեխաները, որոնք երաժշտության ոլորտում արդեն ունեն հաջողություններ և որ ամենակարևորն է՝ տաղանդ, եկան և իրենց փորձով կիսվեցին Ուջանի երաժշտական դպրոցի աշակերտների հետ, ինչը շատ մոտիվացնող է այստեղի երեխաների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր, ՀԽ նախագահ պարոն Սմբատյանին և Հիմնադրամի ամբողջ թիմին Ուջանում այս կարևոր միջոցառումը միասին կազմակերպելու համար: Վստահ եմ՝ այն շատ ոգևորիչ էր մեր համայնքի երեխաների համար, և արդեն իսկ շատ կարևոր մեկնարկ է, որպեսզի հետագայում նմանատիպ հետաքրքիր միջոցառումները շարունակական լինեն»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
Ուջանում պատանի երաժիշտները նաև ծաղիկներ խոնարհեցին հայ ժողովրդի ազգային հերոս, ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանին՝ չմոռանալով ով ենք մենք ու մեր հերոսները:
Այցը Ուջան իսկապես հիշարժան էր մեր բոլոր երեխաների համար՝ լի ուրախությամբ և ջերմ ընկերակցությամբ: Երեխաները շատ տպավորված էին Արագածոտնի բնությամբ և նոր ծանոթություններով: Վստահ ենք՝ այս երաժշտական համագործակցությունների միջոցով ստեղծված բարեկամությունները ծառայում են պատանիների համար մասնագիտական աճի և զարգացման հիմնաքար՝ ապահովելով, որ դասական երաժշտությունն ու հայկական մշակույթը շարունակի ծաղկել ապագա սերունդների սրտերում և գործերում:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով հանդիսանում է Հիմնադրամի ՀԽ նախագահը: Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ և արդեն հինգ տարի է իրականացնում է կրթական ծրագրեր՝ աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ