Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ից բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես մեզ միանան»․ Բագրատ սրբազան

Մայիս 06,2024 15:53

«Տավուշը՝ հանուն հայրենիքի»-ի այսօրվա երթի ժամանակ լրագրողներն երթն առաջնորդող Բագրատ սրբազանից հետաքրքրվեցին, այսօրվա պահանջը՝ դադարեցնել սահմանազատման գործընթացը եթե բավարարվի, արդյոք կանցնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, եւ պատրաստ է արդյոք սրբազանն առաջնորդել հրաժարականի պահանջը։

Ի պատասխան այս հարցերի` սրբազանն ասաց՝ մեր շարժման մեջ եթեներ չկան․ «Ես ոչ մի բանի ակնկալիք չունեմ, շատ բավարարված եմ իմ հոգեւոր ծառայությամբ։

Ես 17 տարեկանում եղել եմ շարժման պայքարի մեջ՝ որպես Ազգային ինքնորոշում միավորման անդամ։ Այն ժամանակ մենք չվախենալով սովետական զորքերից, տանկերից՝ այս պետության գոյության համար էինք պայքարում։ Կենսագրություն ունենք, չենք խոսում այդ մասին, մեր մազերը չենք ժելեում, դեմքերը չենք ինչ-որ ձեւով ձեւավորում իշխանություն դառնալուց հետո։ Կենսագրություն ունենք, ինչ պաշտոն, չկայացած մարդիկ են այնտեղ նստած, աթոռները դողում են տակները, ծնկների մեջ վախ է ընկել, վախենում են, որ կհեռացնենք իրենց»։

Bagrat Srpazan who is against the method of border demarcation with Azerbaijan is coming from Tavush to Yerevan with his supporters on foot

Բագրատ սրբազանն ասաց, որ այս իշխանությունը անվտանգային խնդիրները, բանակցային գործընթացը, ձախողել է կրթության ոլորտի բարեփոխումները․ «Ինչ խելագարություն ասես՝ կա՝ պատմական հայրենիք, Արարատ-Արագած, Ցեղասպանություն-Մեծ Եղեռն։ Այս մարդիկ այդ պաշտոններին են, որովհետեւ իրենց համար նշանակալից դեպք է եղել մեկ ծնվելը, մեկ էլ պաշտոն ունենալը»։

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները շատ լավ գիտեն, իրենց տակն ինչ կա․ «Ասում էին՝ ժողովուրդն է ընտրել մեզ, հեսա, ժողովուրդը կանգնել, ասում է՝ այս վիճակն անհանդուրժելի է, մենք մեր խնդիրը ձեւակերպել ենք, գնում ենք առաջ, կլսեն՝ շատ բարի, չեն լսի՝ նորից բարի»։

Լուսանկարը՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

Հստակեցնող հարցին՝ արդյոք ի վերջո կձեւավորվի իշխանության հեռացման պահանջ, սրբազանը պատասխանեց՝ ես տասը տարի ֆուտբոլիստ եմ եղել, մենք մրցույթներից առաջ երբեք չենք մտածել, թե մեր վերջին հանգրվանը որն է, մենք մտածում էինք հաջորդ խաղի մասին։

Երեւանում ինչ տեսակի բողոքի ցույցեր են լինելու, արդյոք 2018-ի պես պետական շենքեր են շրջափակվելու, Բագրատ սրբազանն այս առնչությամբ ասաց՝ մենք խնդիր չունենք ակցիա անելու, ապրում ենք մեզ համար, հիմա որոշել ենք այսպես ապրել՝ մեր տներում չենք, դրսում ենք։

Bagrat Srpazan who is against the method of border demarcation with Azerbaijan is coming from Tavush to Yerevan with his supporters on foot

Դիտարկմանը՝ Երեւանում ինչ ծրագրեր ունեք, դա մարդկանց է հետաքրքրում, քանի որ քաղաքական պայքար եք առաջնորդում, սրբազանը հակադարձեց՝ ոչ, սա շատ խորը հոգեւոր պայքար է, իրենք երազում են, որ քաղաքական դառնա պայքարը։

Շարժման հետ կապում են քաղաքական տարբեր առաջնորդներին, օրինակ՝ Արթուր Վանեցյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլն, այս դիտարկմանն ի պատասխան էլ սրբազանն ասաց՝ բոլորն իրավունք ունեն լինել իմ թիկունքում, առջեւում, իմ աջ ու ձախ կողքերում, ներառյալ ՝ իրենք, եթե սեւուսպիտակ չեն, գույն ունեն․ «Հիմա առաջին շարքերում ովքե՞ր են, բոլոր հայ մարդիկ, հայրենիք ունեցող մարդիկ, պարզ մարդիկ՝ մինչեւ ամենաբարձր աստիճաններով, դա նշանակություն ունի՞ հայրենիքի կորստի հետ։ Ովքեր ուզում են ինչ որ բաներով պայմանավորեն իրենց վախերն, արդարացնելու համար ինչ ասես՝ կասեն։ Ինձ հազար անգամ են ասել, հիմա ես ԿԳԲ-ի ագե՞նտ եմ, էդ մարդիկ ուրիշ բան չունեն ասելու, գաղափարական որեւէ բան չունեն ասելու։ Ես ասել եմ՝ եթե փողոցով եք վերաբերվելու, փողոցով եք պատասխան ստանալու, եթե գաղափարական դաշտում՝ գաղափարական դաշտում կստանաք։ Հիմա ամբիոնից փետրավոր ելնում խոսում են, հետո գնում են իրենց խմելու ժամանակ սկսում են իրար պատմել, չգիտե՞նք դրա մասին, լրիվ ինֆորմացիաները մեզ հասնում են, ու հենց իրենց մեջից։ Ասեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես մեզ միանան։ Տղերք, չվախենաք»։

Հիշեցնենք, որ շարժումը նախաձեռնվեց ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, բազմաթիվ քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ այս սահմանազատումը համարում են միակողմանի եւ ապօրինի, Կիրանց գյուղից մի քանի տներ անցնելու են ադրբեջանական կողմին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031