Որոշ հասարակական ու քաղաքական ուժեր սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի», «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումներին՝ շեշտադրելով այս պայքարում իրենց ենթակայությունը Հայ Առաքելական եկեղեցուն, նույնիսկ պատրաստ են կատարել հանձնարարականներ։ Բայց սա այն չէ, ինչը պետք է լիներ։
Պետք է լիներ հակառակը, այսինքն` պետք էր, որ շարժումը նախաձեռներ ու առաջնորդեր որևէ քաղաքական ուժ՝ եկեղեցու օրհնությամբ։ Եկեղեցին կարող է օրհնել որևէ նախաձեռնություն, կատարել քաղաքական հայտարարություններ, արտահայտել իր դիրքորոշումը բոլոր հարցերում, այո, անհրաժեշտության դեպքում նաև շատ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, բայց առաջնորդել փողոցային պայքար կարելի էր միայն այն դեպքում, եթե այլևս որևէ քաղաքական ուժ ժողովրդի մոտ վստահություն չունի, իսկ եթե չկա այդպիսի քաղաքական ուժ, ապա որքանով է ընդհանրապես օգտակար թույլ ուժերի միացումը շարժմանը։
Չեմ ուզում ինձ սխալ հասկանան այն մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են արել։ Անշուշտ, խրախուսելի է եկեղեցուն սատարելը, եկեղեցու կողքին լինելը և թող Աստված օրհնի բոլոր նրանց ովքեր եկեղեցու կողքին են ազնիվ մղումներով։ Միշտ սխալվում են շտապողներն ու բարկացողները։
Ակնհայտ է, որ ընտրությունների միջոցով միայն կարելի է հասնել իշխանափոխության, իշխանափոխության համար ընտրություններին այլընտրանք չկա այլևս։ Տավուշն ու Շիրակը հանուն հայրենիքի շարժումները չեն կարող հանգեցնել իշխանափոխության, բայց կարող են հանգեցնել Հայ Առաքելական եկեղեցու վերջնական հեղինակազրկման։
Կարդացեք նաև
Արդեն տարբեր աղբյուրներից ժողովուրդը տեղեկացվել է, որ իբր շարժման նախաձեռնողն ու համակարգողը Հայ Առաքելական եկեղեցին է և շարժման հետ կապված ամեն բան արվել ու արվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, այսինքն` Հայ Առաքելական եկեղեցին է առաջնորդում շարժումը։ Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։ Եթե շարժումը համահայկական է և նրա առաջնորդության պատասխանատվությունը ստանձնել է Հայ Առաքելական եկեղեցին, ապա պետք է, որ դա որպես պատմական իրադարձություն հրապարակվի առանձին Հայրապետական սրբատառ կոնդակով և շարժման ընթացքը ուղեկցվի շարժման հետ աղերսվող համապատասխան եկեղեցական արարողակարգերով։ Եթե դա չի արվում, ուրեմն շարժումը ինքնաբուխ առաջացած հասարակական շարժում է, որի մեջ պարզապես ներգրավված են որոշ հոգևորականներ, ովքեր կատարում են առանցքային դերակատարում։ Կարծում եմ որքան շուտ հոգևորականությունը երկրորդ պլան անցնի, այնքան հաջողված կլինի շարժումը և անվտանգ՝ Հայ Առաքելական եկեղեցին։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես միավորող գործոն է եղել երբ մեր երկիրը իշխանություն չի ունեցել՝ներկայումս հենց այդպիսի իրավիճակ է…
Հոդվածի վերջին նախադասության վերաբերյալ ես էլ կարծում եմ, որ Բագրատ Սրբազանին և մյուս հայրենասեր հոգևորականներին երկրորդ պլան մտցնելու առաջարկություն անողները որքան շուտ անցնեն ութերորդ, իններորդ, տասերորդ պլան, այնքան նիկոլով զոմբիացած շերտի տեսողությունը կամաց-կամաց կբացվի և ժողովրդի մեծամասնությունը կհասկանա, որ հայրենիքի փրկության այս ճգնաժամային փուլում հավասար անելիքներ ունեն հասարակության բոլոր շերտերը՝ այդ թվում հոգևորականները, բժիշկները, ուսուցիչները, դասախոսները, ուսանողները, թոշակառուները և այլն, որոնք բոլորով պետք է միանան փրկության այս շարժմանը և կասեցնեն քպ-ական ապաշնորհ վարչախմբի կողմից մեր երկրի տարածքները թուրքին նվիրելու գործընթացը: